Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարգահովիտը հանդիսությունների հիանալի սրահ ունի

05.12.2014

Խորհրդային տարիներին մշակութային, մարզական հարուստ ավանդույթներ ուներ Մարգահովիտ համայնքը: Դրան նպաստում էին նաև գյուղի կենտրոնում գտնվող տուֆակերտ երկհարկանի ակումբի բարենպաստ պայմանները: Ցավոք, հետագա տարիներին, օբյեկտիվ, նաև չարդարացված հանգամանքներով, ֆինանսական հարկավոր միջոցների բացակայության հետևանքով շենքի պահպանումն ու շահագործումը բարձիթողի վիճակում հայտնվեց, ու հոյակերտ կառույցը երկար տարիներ կիսաքանդ ու ավերակ վիճակում էր:
Շենքը վերջնական փլուզումից փրկելու առաջին քայլն արվեց 2012 թվականին, երբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որոշմամբ երրորդ հրատապ ծրագրի միջոցներից 15 մլն. դրամ հատկացվեց ակումբի տանիքի վերանորոգման համար: Մարզի ղեկավարության աջակցությունը ոգևորիչ եղավ համայնքի համար և հաջորդ տարվա ամռանը համայնքի ղեկավարության և ավագանու համաձայնությամբ համայնքային բյուջեի միջոցներից 10 մլն դրամ տրամադրվեց առաջնահերթ մի խնդրի լուծմանը: 4500 բնակչություն ունեցող գյուղը համապատասխան հանդիսությունների սրահ չուներ:
- Մասնավոր, վճարովի սրահ կա, բայց և՛ տարողությունն է անբավարար, և՛ սպասարկման պայմաններն են անշուք, իսկ վարձավճարն էլ ամենքին չէ, որ հասանելի է, ուստի որոշեցինք առաջին հերթին հանդիսությունների նոր սրահ ունենալ,- ասաց Մարգահովտի համայնքապետ Սամվել Անանյանը՝ նշելով, որ համայնքի կողմից էլ հանգանակությամբ հոգացել են հանդիսության սրահի կահավորման հարցը:
Դեկտեմբերի 4-ին մարգահովիտցիները անհամբերությամբ էին սպասում Լոռու մարզպետարանի ղեկավարությանը: Առիթը, տոնական էր, պետք է հանդիսավորությամբ շահագործման հանձնվեր հիմնանորոգված հանդիսությունների սրահը: Բարենորոգված ընդարձակ ու լուսավոր սրահը, ճաշակով արված կահավորանքը աչք էր շոյում:
Սրահի բացման առիթով կազմակերպված փոքրիկ հյուրասիրությանը մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ հարցերով, առողջապահության և սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետեր Արմեն Ջանազյանը, Դավիթ Մանուչարյանը, Սամվել Լամբարյանը, Մինաս Սայադյանը, մյուսները շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ասացին մարգահովիտցիներին:
Ապա մարզպետն ու ուղեկցողները շրջեցին ակումբի մյուս հարկաբաժիններում, ծանոթացան շենքային պայմաններին: Շրջայցի ավարտին պարոն Նալբանդյանը հնարավոր համարեց հաջորդ հրատապ ծրագրի գործարկման դեպքում միջոցներ տրամադրել շենքի մյուս հարկաբաժինների նորոգման համար: Սամվել Լամբարյանի կողմից ևս առաջարկ եղավ շենքի առաջին հարկում տեղավորելու գյուղի առողջության կենտրոնը, որը ներկայում գործում է ոչ այնքան հարմարավետ պայմաններում: Առաջարկը հավանության արժանացավ մարզպետի ու գյուղապետի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24