Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին
26.11.2014
Նոյեմբերի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում հյուրընկալեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին և փորձագետների: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը: Հիմնադրամի ներկայացուցիչները մարզի ղեկավարին տեղեկացրին, որ ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային գործակալության գործընկերությամբ ու աջակցությամբ խոշոր ծրագիր են նախատեսում իրականացնել, որը կվերաբերի երեխաների՝ ընտանիքներում ապրելու իրավունքի վերականգնմանը, երեխաներին խնամքի հաստատություններից դուրս բերելուն և նոր մուտքերը կանխելու խնդիրներին՝ կանխարգելման բաղադրիչով: Որպես ծրագրի մեկ այլ բաղադրիչ՝ կկարևորվի ընտանիքի մոդելի ստեղծումը որդեգրությունների միջոցով: Հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ մասնավորապես ՀՀ սոցապնախարարի խնդրանքն է եղել ուսումնասիրությունների ընթացքում հատկապես լուրջ ուշադրության արժանացնել որդեգրության համակարգը՝ ոչ միայն օրենսդրական տեսանկյունից, այլև գործնական, քանի որ, ինչպես ցույց են տալիս դիտարկումները, ի տարբերություն տեղական որդեգրումների, օտարեկրյա որդեգրումները համեմատաբար շատ են և խնդիր կա գործնականում պարզելու՝ որոնք են պատճառները: Ուսումնասիրությունների արդյունքում, ինչպես վստահեցրին նրանք, կառաջարկվեն մեխանիզմներ բարելավելու և՛ օրենսդրությունը, և՛ պրակտիկ դաշտը, որպեսզի առաջնահերթությունը տրվի տեղական որդեգրողներին:
Փորձագետները տեղեկացրին, որ վերջին տարիներին օգնում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ տարբեր երկրներում ուսումնասիրություններ կատարելու և գնահատելու երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը ու մասնավորապես՝ որդեգրության կարգը: Փորձագետների հիմնական նպատակը ընդհանուր համակարգը դիտարկելն է, այլ ոչ թե մասնավոր դեպքերի ուսումնասիրությունը:
Ներկայում, ինչպես հայտնի է, ՀՀ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, ուստի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի փորձագետներին առաջարկվել է հանդես գալ առաջարկություններով:
Իրավիճակին ծանոթանալու նպատակով հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական կառույցների ներկայացուցիչների հետ: Նրանք կարևորեցին հատկապես հանդիպումները մարզային, համայնքային իշխանությունների, համայնքներում երեխաների խնդիրներով զբաղվող կառույցների հետ:
Ա. Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի համար՝ նշելով, որ մարզպետարանը ևս կարևորում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը և շահագրգիռ է այս ոլորտում նախատեսվող բարեփոխումների իրականացման առումով: Մարզի ղեկավարը նշեց, որ պատրաստ է համագործակցել ու աջակցել ցանկացած հարցում: Ա. Նալբանդյանը կարևորեց միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների մեծ դերակատարությունը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների լուծման հարցում: