Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անգնահատելի ներդրում Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը

24.11.2014


«Հայաստան» համահայկական հիմնադրամի որոշմամբ մեկ տարի առաջ տեղի ունեցած «Հեռուստամարաթոն-2013» դրամահավաքի արդյունքում հավաքագրված միջոցները ուղղվելու էին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը: Դա Հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցված երրորդ խոշոր ավտոճանապարհն էր լինելու (մոտ 116կմ), որի կառուցումն ու բարեկարգումը ոչ միայն մեծ խթան էր լինելու ՀՀ և Ացախի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար, այլև անչափ կարևոր ռազմաստրատեգիական նշանակություն էր ունենալու մեզ համար:
Շուրջ մեկ տասնամյակ Լոռու մարզը բարեկամական-համագործակցական կապերի մեջ է ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի հետ, ավանդական են դարձել փոխայցելությունները, նյութական նվիրատվությունները, մշակութային համատեղ միջոցառումները: 2014թ. սեպտեմբերի 23-ին, բարեկամ շրջան կատարած հերթական այցից հետո, Լոռու մարզի պատվիրակությունը, որի կազմում էին մարզի պաշտոնյաներ, ազատագրական պայքարի տարիներին Մարտակերտի և այլ շրջանների ազատագրմանը մասնակից ազատամարտիկներ, տունդարձի ճանապարհն անցավ հենց Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով: Պատվիրակության անդամները պարզապես ապշած էին ընդամենը մեկ տարում կատարված հսկայածավալ աշխատանքից: Ռելիեֆային բարդագույն պայմաններում 116 կիլոմետր ճանապապարհի ԼՂՀ տարածքով անցնող 100 կիլոմետրանոց հատվածը պատրաստ էր երթևեկության, հողային աշխատանքները գրեթե ավարտվել էին, մնում է ասֆալտապատումը: Ճանապարհաշինարարների աներևակայելի աշխատանքը ոգևորել էր Լոռու մարզի պատվիրակության անդամներին: Այսուհետ ոչ միայն նրանք, այլև ԼՂՀ-ում իրենց հայրենանվեր պարտքը կատարող լոռեցի զինվորների ծնողներն ու հարազատները նրանց կարող են այցելել շուրջ 80 կմ-ով ավելի կարճ ու բարեկարգ ճանապարհով: Ահա թե ինչու «Հայաստան» համահայկական հիմնադրամի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատման համար նոյեմբերի 22-ին Վանաձորում անցկացված դրամահավաք- մարաթոնին լոռեցիները մասնակցեցին աննախադեպ ակտիվությամբ ու առատաձեռնությամբ:
Առավատյան ժամը 10-ից մեկնարկած մարաթոնին ամենաակտիվ մասնակցությունն ունեցան Լոռու մարզպետարանի, Վանաձորի և այլ քաղաքների ու գյուղերի համայնքապետարանների աշխատակիցները, ուսումնական հաստատությունների մանկավարժները, ուսանողներն ու աշակերտները, առողջապահության, շինարարական հիմնարկների աշխատողները, մշակութային ու մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մի շարք հիմնարկ- ձեռնարկություններ «Հայաստան» հիմնադրամին իրենց հանգանակությունը կատարել էին վաղօրոք՝ բանկային փոխանցումներով:
Օրվա ավարտին պարզ դարձավ, որ ընդհանուր առմամբ, դեռևս ոչ վերջնական արդյունքներով, հանգանակվել է մոտ 11 միլիոն դրամ: Այդ թիվն, անշուշտ կավելանա, քանզի մարաթոնը Լոռու մարզում կշարունակվի մինչև դեկտեմբերի 1-ը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որն ի դեպ իր անձնական ծանրակշիռ ներդրումն արեց հանգանակության գանձարկղում, մեծ կարևորություն տվեց Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման անհրաժեշտությանը:
-Բացի այն, որ ճանապարհը ռազմաստրատեգիական անգնահատելի նշանակություն ունի, այն նաև տնտեսական լուրջ հնարավորություններ է ստեղծելու մեր մարզի համար, քանզի գիտենք, թե լոռեցի հանքարդյունաբերողները ինչպիսի հսկայածավալ աշխատանքներ են իրականացնում մեր բարեկամ մարզում՝ աշխատանքով ապահովելով հարյուրավոր հանքագործների: Կարծում եմ, որ ինչպես արտերկրյա համահայկական հառուստամարաթոնները, այնպես էլ մեր մարզային դրամահավաքը ևս անգնահատելի են ոչ միայն հանգանակվող միջոցների առումով, այլև անհրաժեշտության պահին ազգային միասնականության դրսևորման գաղափարով,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Ի դեպ, արդեն 8-րդ անգամ անցկացված Լոռու մարզային դասական դրամահավաք-մարաթոնն իր տեսակի մեջ եզակի է մեր հանրապետությունում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59