Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցություն՝ ի շահ համայնքների բնակչության

19.11.2014

Հայաստանի մանուկների (COAF) հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, համայնքային զարգացման ծրագրեր է իրականացնում հիմնականում փոքրաթիվ բնակչություն ունեցող ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում: Կազմակերպության նպատակն է, երեխայակենտրոն ծրագրերի ներդրման միջոցով բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը, ապահովել առողջ, կրթված, սոցիալապես պատասխանատու և տնտեսապես կենսունակ հանրություն:
Արդեն 10 տարի մեր երկրում գործունեություն ծավալող հիմնադրամը, որը գրասենյակ ունի նաև Նյու-Յորքում, երկու ամիս առաջ ծրագրային առաջին քայլերն արեց նաև Լոռու մարզի 4 համայնքներում: Հետագա անելիքներն առավել առարկայական քննարկելու նպատակով նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետարանի դահլիճում էին հավաքվել հիմնադրամի ծրագրերի շահառու հանդիսացող՝ Թումանյանի, Դսեղի, Մարցի և Քարինջի համայնքապետերը, դպրոցների, բուժհիմնարկների տնօրենները, ովքեր գործնական հանդիպում ունեցան Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի և աշխատակիցների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների ղեկավարներ և այլոք:
Արթուր Նալբանդյանն իր խոսքում կարևորեց հիմնադրամի նախաձեռնությունը Լոռու մարզում ևս լայնածավալ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, վստահեցրեց, որ զանազան միջազգային ու տեղական հիմնադրամների հետ համատեղ աշխատանքի ու համագործակցության ուսանելի փորձ ունեցող Լոռու մարզը լավագույնս կնպաստի իրականացվելիք ծրագրերի բարեհաջող ընթացքին:
Հիմնադրամի գործադիր տնօրնն իր հերթին գոհունակություն հայտնեց մարզի ղեկավարին ու կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին ամենագործուն աջակցության համար և վստահեցրեց, որ առաջիկայում ծրագրային ներդրումների շրջանակը կընդլայնվի՝ ներառելով Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների տասնյակ համայնքներ: Ընդհանուր առմամբ COAF-ը Լոռու մարզում աշխատանքներ կծավալի առնվազն հինգ տարի: Նա համոզված է, որ հիմնադրամի հետ աշխատելը կոգեշնչի գյուղաբնակներին՝ նորովի գնահատելու սեփական ներուժը, ձգտելու և հասնելու որոշակի նպատակների:
Անուշ Եդիգարյանն անդրադարձավ նաև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի դրույթներին, գործունեության ոլորտներին: Դրանք միտված են դպրոցներում կրթության որակի բարելավմանը, գյուղական համայնքներում առողջապահական կայուն ծառայությունների ապահովմանը, ամուր և ինքնաբավ սոցիալական ցանցերի ձևավորմանն ու ծառայությունների մատուցմանը և, իհարկե, համայնքներում տնտեսական աճի ապահովմանը:
Հիմնադրամի բարեգործական ծրագրերը ներառում են դպրոցների ու մանկապարտեզների, բուժհիմնարկների, մշակույթի տների, զանազան կոմունիկացիաների հիմնանորոգում և կահավորում, ամառային ճամբարների, սպորտային միջոցառումների կազմակերպում, բիզնես ծրագրերի դասընթացներ և այլն:
Հանդիպման մասնակիցները նաև արտահայտեցին իրենց նկատառումները, հարցեր ուղղեցին ծրագրի ղեկավարին, ստացան պարզաբանումներ:
Եզրափակելով խորհրդակցությունը՝ Արթուր Նալբանդյանը մեկ անգամ ևս շահառուներին հորդորեց ամենայն լրջությամբ վերաբերվել մեկնարկած ծրագրերին, թույլ չտալ ոչ մի թերացում, քանզի սկիզբ առած գործի արդյունքներով է պայմանավորվելու նաև ծրագրում նոր համայնքներ ներառելու հավանականությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59