Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց հաշմանդամության հարցերով մարզային հանձնաժողովի նիստ
19.11.2014
Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանը:
Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հանձնաժողովի կողմից հայտարարվել է հաշմանդամության հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ: Նա անդրադարձավ միամսյակի կազմակերպման աշխատանքներին՝ հասարակական կազմակերպություններին առաջարկելով ակտիվ մասնակցություն ունենալ: Նա նշեց, որ ակտիվությամբ աչքի ընկած կազմակերպությունները կխրախուսվեն մարզպետի կողմից: Արթուր Նալբանդյանն առաջարկեց միամսյակի ընթացքում կազմակերպվելիք միջոցառումների ամփոփ ծրագիր ներկայացնել, որպեսզի կատարված աշխատանքն առավել արդյունավետ ու տեսանելի լինի: Նա հանձնարարեց նաև միամսյակի աշխատանքներն ընդգրկել մարզպետարանի տարեկան աշխատանքային պլանում: Միամսյակի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումներին ուղղված այլ առաջարկներ ևս եղան: Մասնավորապես, առաջարկվեց միջոցառումներ կազմակերպվել ողջ տարվա ընթացքում, իսկ արդյունքներն ամփոփել միամսյակի ընթացքում և այլն:
Վ. Ջաղինյանը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանի նամակն ուղղված հանձնաժողովին, որով կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամների հիմնախնդիրներով և իր մեջ ներառում է 23 հասարակական կազմակերպություն, պատրաստակամություն է հայտնում համագործակցելու և հրավիրում է նոր հկ-ների միավորվելու մի կառույցի ներքո՝ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման նպատակով:
Հաշմանդամների խնդիրներով զբաղվող երկու նորաստեղծ՝ «Սպիտակ բազե» և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները ներկայացրին նախագահներ՝ Մարինե Ասատրյանը («Սպիտակ բազե») և Անուշ Ասլանյանը («Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»), որոնք արժանացան մարզի ղեկավարի և հանձնաժողովի անդամների հավանությանը: Ա. Նալբանդյանը նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին, հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին ակտիվ համագործակցության համար: