Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
17.11.2014
Նոյեմբերի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ նոյեմբերի 22-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անց կկացվի ավանդական դարձած Լոռու մարզային «Մարաթոն-դրամահավաք 2014-ը», որի ընթացքում հանգանակված ողջ գումարը կհատկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցում» ծրագրի իրականացման նպատակով: Ա. Նալբանդյանը մարզպետարանի աշխատակազմին, մարզպետարանի ենթակայության կառույցներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել ազգանվեր մարաթոնին՝ նշելով, որ ամենփոքր մասնակցությունն անգամ լուրջ աջակցություն կարող է լինել այդ ստրատեգիական ծրագրի իրականացման համար:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները նոյեմբերի 14-ի դրությամբ: Ըստ նրա, նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 34,9 տոկոս, գույքահարկինը՝ 48,3 տոկոս, հողի հարկինը՝ 34 տոկոս: Վարչության պետը դարձյալ մտահոգիչ համարեց հողի հարկի հավաքագրման ցուցանիշը:
Մարզպետը նշեց, որ աշխատանքային խորհրդակցությունից անմիջապես հետո քննարկում կկազմակերպվի փոխմարզպետների, համապատասխան վարչությունների պետերի մասնակցությամբ խնդիրն առավել հանգամանորեն քննարկելու նպատակով:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ իրականացվող 5-րդ հրատապ ծրագիրը հիմնականում ավարտված է: Ներկայում շինաշխատանքների ավարտական ակտերի հաստատման գործընթացն է իրականացվում: Նա վստահեցրեց, որ ֆինանսավորման խնդիր ևս չկա:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ մարզում ավարտված են աշնանացանի աշխատանքները: Պետական աջակցությամբ մարզի գյուղատնտեսներին մատչելի գներով հատկացվող պարարտանյութը, սերմացուն և դիզվառելիքը ևս բաշխաված են: Նա վստահեցրեց, որ գումարներն ամբողջական կհավաքագրվեն ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Ա. Նալբանդյանը խստորեն անդրադարձավ մարզպետարանի և մարզային ենթակայության կառույցների աշխատակազմերի կարգապահական խնդիրներին: Նա մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության, ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչությունների պետերին հանձնարարեց անակնկալ այցեր կատարել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կրթօջախներ, առողջապահական և սոցիալական ապահովության հաստատություններ, համայնքներ՝ վերջինների աշխատակազմերի կարգապահությունը վերահսկելու նպատակով՝ նշելով, որ անկարգապահ աշխատողների նկատմամբ կցուցաբերիվի համապատասխան մոտեցում:
Ա. Նալբանդյանը վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովին հանձնարարեց համայնքներում իրականացվող վարչական ստուգումների արդյունքները ներկայացնել տարվա ընթացքում անցկացվող մարզխորհրդի բոլոր նիստերին:
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր: