Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
13.11.2014
Նոյեմբերի 13-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Վանաձորից, Գուգարքի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջաններից եկած մոտ երկու տասնյակ քաղաքացիների հարցերը լսեց և սպառիչ պատասխաններ տվեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզի բնակիչներին հուզող խնդիրներն այս անգամ ևս հիմնականում սոցիալական բնույթի էին:
Մարզի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց օգնել դրամական աջակցության խնդրանքով դիմած 4 բնակչի: Նա դրական պատասխան տվեց նաև անվճար բուժօգնություն ստանալու խնդրանքով եկած Վանաձորի բնակիչ Զալիկ Կոծինյանին, իսկ նույնատիպ խնդրով դիմած Անաստաս Ոսկանյանին մարզպետը խոստացավ պատասխանել նրա ներկայացրած փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո: Աշխատանքի տեղավորման հարցում Ա. Նալբանդյանի աջակցությունն էր ակնկալում 5 քաղաքացի: Խոստանալով աջակցել հնարավորության դեպքում՝ մարզպետն առաջարկեց առավել հանգամանորեն ծանոթանալ աշխատաշուկային, հետևել թափուր աշխատատեղերի համար անցկացվող մրցույթներին: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած երեք ընտանիքի ներկայացուցիչներ մարզի ղեկավարից ցանկացան տեղեկանալ՝ վերջապես ե՞րբ են կառուցվելու իրենց տները, կամ՝ ե՞րբ է տրվելու համապատասխան փոխհատուցումը՝ իրենց ուժերով նոր բնակարան կառուցելու կամ գնելու համար: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ նոյեմբերին աշխատանքային այցով մարզում է լինելու ՀՀ քաղաքաշինության նախարարը և հավանաբար հստակ ու սպառիչ պատասխան կտա նաև այս հարցին: Բնակարանային պայմանների բարելավման, կենցաղային բնույթի այլ հարցերով դիմած բնակիչներին մարզի ղեկավարն առաջարկեց դիմում ներկայացնել իրենց համայնքապետերին՝ խոստանալով հետևողական լինել դրանց օրինական լուծման հարցում: Քաղաքացիների ընդունելությանը ներկա էին և պարզաբանումներ տվեցին նաև մարզպետարանի մի քանի ստորաբաժանումների պետեր: