Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքներում կձևավորվեն երիտասարդական կենտրոններ

11.11.2014

Նոյեմբերի 11-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր մարզի համայնքներում երիտասարդական կենտրոններ հիմնելու և տարածաշրջանային կամ համայնքային խորհուրդներ ձևավորելու խնդրին: Երիտասարդական խորհրդի անդամները նման նախաձեռնություն էին ցուցաբերել տարածաշրջանների համայնքների ակտիվ երիտասարդներին համախմբելու և տեղերում օրախնդիր հարցերը վեր հանելու նպատակով, որոնք հետագայում քննարկման առարկա կդառնան արդեն երիտասարդական խորհրդի նիստերում: Նախատեսվում է երիտասարդական կենտրոններում կազմակերպել միջոցառումներ, քննարկումներ, կլոր սեղաններ, մշակել և իրականացնել համայնքների երիտասարդական քաղաքականությունը, բարձրաձայնել երիտասարդներին հուզող հիմնախնդիրները: Մարզպետը հավանության արժանացրեց այս նախաձեռնությունը՝ հանձնարարելով մեկամսյա ժամկետում ձևավորել աշխատանքային խմբեր, նախատեսել երիտասարդական կենտրոնների գործունեության վայրերը՝ այդ մասին ներկայացնելով տեղեկատվություն: Մարզպետը պահանջեց տարածաշրջանային կամ համայնքային աշխատանքային խմբերում ընդգրկել բացառապես ակտիվ, բանիմաց երիտասարդների՝ անկախ կուսակցական պատկանելությունից, դիրքորոշումից և այլն: Ինչպես նշեց խորհրդի քարտուղար Նազելի Ավագյանը, Ստեփանավանում արդեն իսկ ձևավորվել է նմանատիպ աշխատանքային խումբ և ակտիվ գործունեություն է ծավալում: Ա. Նալբանդյանն այս առումով կարևորեց ուսանելի փորձի փոխանակումը՝ նշելով որ ընդօրինակելի կարող է դառնալ նաև Վանաձորը, որը հանդիսանալով մարզկենտրոն, նմանատիպ աշխատանքներ իրականացնելու բավականին լայն հնարավորություններ ու փորձ ունի: Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը պատրաստակամություն հայտնեց Վանաձորի քաղաքապետարանում կենտրոնի գործունեության համար տարածք տրամադրել:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր 2015թ. երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ Ստեփանավանում հաջորդ տարի անցկացվելիք միջոցառումներին: Ինչպես նշվեց, մի շարք ծրագրեր արդեն կազմված են՝ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, ազգային խաղերին նվիրված մրցաշարեր, երգի, պարի, արվեստի գործերին նվիրված փառատոներ: Առաջարկություն արվեց 2015թ.-ին Ստեփանավանում անցկացնել նաև սպորտային մրցաշարեր: Մարզի ղեկավարը հանձնարարեց մինչև տարեվերջ ներկայացնել ծրագրային նոր առաջարկներ՝ համատեղ քննարկելու նպատակով: Նշվեց նաև, որ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի առաջին արտագնա նիստը անց կկացվի Ստեփանավանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 15:44:23