Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լոռի տուր էքսպո-2014թ.» ցուցահանդես-խորհրդակցություն
06.11.2014
Վանաձորում արդեն երրորդ տարին է՝ կազմակերպվում է «Լոռի Տուր Էքսպո» մարզային ամենամյա ցուցահանդես-խորհրդակցությունը: Էքսպոն նպատակ ունի ներկայացնելու հանրապետության, ինչպես նաև Լոռու մարզի զբոսաշրջային ներուժը, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների միջև ամրապնդել գործընկերային կապեր, պատշաճ իրականացնել կազմակերպությունների հանրային հարաբերությունների և գովազդի փոխշահավետ փորձի փոխանակումը, ներկայացվող սպառողական ապրանքների և ծառայությունների վաճառքը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Armenian Travel Tours» ընկերության, Վանաձորի կերպարվեստի թանգարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի կողմից Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ:
Բացման խոսք ասաց «Armenian Travel Tours» տուրիստական կազմակերպության ներկայացուցիչ Անուշ Ղազարյանը: Նա, ողջունելով մասնակիցներին և հյուրերին, ներկայացրեց միջոցառման տարեգրությունը և նպատակները:
Ելույթ ունեցան թանգարանի տնօրեն, գեղանկարիչ Փափագ Ալոյանը, «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Սամվել Գյուլբեկյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա ներկայացեց ներքին զբոսաշրջության տարեկան ցուցանիշերը` կարևորելով, որ այս տարի նախորդ տարիների համեմատությամբ գրանցվել է շուրջ 30 տոկոս աճ:
Էքսպոյին առանձին տաղավարներով ներկայացված էին 14 կազմակերպություններ` Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը, Ստ. Զորյանի տուն-թանգարանը, Վանաձորի կերպարվեստի և Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանները, «Խուլերի կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Անտառային հեքիաթ» (Գյուլագարակ), «Արծիվ» (Շորժա) հանգստի գոտիները, անհատ ստեղծագործողներ, տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններ Վանաձորից և Երևանից:
Մասնակիցները շրջեցին տաղավարներով, ծանոթացան կազմակերպություններից յուրաքանչյուրի իրականացրած աշխատանքին, առաջարկվող ծառայություններին:
ԵԿՏԱ Վանաձորի մասնաճյուղի զբոսաշրջության երրորդ կուրսի ուսանողները ներկայացրին տուրիզմի զարգացման հնարավորությունները Լոռու մարզում:
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից` ցուցահանդես-տոնավաճառ, որին ներկայացված էին մասնակից կազմակերպությունների և անհատ ստեղծագործողների աշխատանքներ, և խորհրդակցություն:
Մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր «Լոռի Տուր Էքսպո-2014» մարզային երրորդ ցուցահանդես-խորհրդակցությանն ակտիվ մասնակցության համար: