Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության նոր հորիզոններ

03.11.2014

Շուրջ 6 տարվա ընթացք ունի Ֆրանսիայի Ռհոն Ալպ շրջանի և Հայաստանի Համայնքների Ասոցացիայի համագործակցությունը, որը նպատակաուղղված է ՀՀ համայնքների զարգացմանը: Այն ներառում է աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսական մթերքների արտադրության աճ, սոցիալական ծրագրերի արմատավորում, ինչպես նաև զբոսաշրջության, բնապահպանական, մշակութային արժեքների խթանում և այլն: Շրջանը որոշակի ծրագրեր է իրակնացնում նաև Լոռու մարզի Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններում: G2iA (Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորում) կազմակերպության ներկայացրած ծրագրով Ռհոն Ալպը 2011 թվականից ֆինանսավորել է Օձունում թեյաբույսերի կոոպերատիվի ստեղծումը, չորանոցի կառուցումը և փաթեթավորման սարքավորումների ձեռքբերումը: Բավականաչափ ծավալ ապահովելու դեպքում նախատեսվում է թեյաբույսերի արտահանում Ֆրանսիա և Բելառուս:
2010 թվականին Ռհոն Ալպը ֆինանսավորել է ֆրանսիական Biotop և Հայաստանի Թռչնասերների ու թռչնապահպանների միության համատեղ ծրագիրը Դսեղում: Այն համաֆինանսավորվել է ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական ֆոնդի և Bird Life international կազմակերպության կողմից և նպատակաուղղվել է տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացմանը և էկոհամակարգի, մասնավորապես վայրի թռչունների պահպանմանը, Դսեղից և հարևան համայնքներից կամավորների տնտեսական եկամուտների ապահովմանը:
Եվս երկու ծրագիր իրագործվում է Ստեփանավանում: Ռհոն Ալպյան քայլարշավորդների կոմիտեն Ստեփանավանի և շրջակա համայնքների տուրիստական պոտենցիալի ուսումնասիրության արդյունքում 2012 թվականին ներկայացրեց քայլարշավային էկոտուրիզմի զարգացմանն ուղղված մի ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է վերապատրաստման ազգային մակարդակ ապահովող կենտրոնի ստեղծում և զբոսավարների (գիդերի) և տեղական դերակատարների վերապատրաստում: Ծրագիրը, որն իրականացվում է Ստեփանավանի ինֆոկենտրոնի և ճգնաժամային իրավիճակների վերահսկման կենտրոնի հետ համատեղ, ներառում է նաև Լոռու մարզի ինֆոգրաֆիական և տոպոգրաֆիական քարտեզի ստեղծում:
Ստեփանավանում մեկնարկած մյուս ծրագիրը ներառում է սոցիալական և առողջական օգնության կենտրոնի ստեղծում, որն ուղղված է տարեցների տնային խնամքին և օգնությանը:
Վերոնշյալ բոլոր ծրագրերում ներգրավված են տեղական ինքնակառավարման մարմինները: Լոռու մարզպետարանը, ի դեմս մարզպետի ու Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի աշխատակազմի, հանդիսանում է այս ծրագրերի տարածքային կրողն ու գործընկերը:
Կատարված աշխատանքների գնահատմանը, նոր համատեղ ծրագրերի նախանշմանն էր վերաբերում նոյեմբերի 3-ին Ռհոն Ալպի ռեգիոնալ խորհրդական, Հայաստան-Ֆրանսիա հանձնախմբի նախագահ Էդուարդ Սիմոնյանի և նրա ֆրանսիացի ուղեկիցների հանդիպումը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Ռհոն Ալպի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ֆիորինին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և գիտության հարցերով կցորդ Ալիս Լենան, Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Իվ Դիլլոնը, քայլարշավորդների դեպարտամենտի ներկայացուցիչ Բեռնար Հուառոն, G2IA ներկայացուցիչ Սասուն Ռոժին, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Շնորհակալություն հայտնելով մարզպետին ջերմ ընդունելության համար, Էդուարդ Սիմոնյանը հույս հայտնեց, որ իրենց կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ շարունակություն կգտնեն, նոր, շահավետ հեռանկարներ կունենան:
Մարզպետ Ա. Նալբանդյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց ֆրանսիացի գործընկերներին Լոռու մարզի բնակչության համար անչափ կարևոր ծրագրերի իրականացման համար, նշեց, որ մարզի և Ֆրանսիայի Ալպ Կոտ Դ՛ Ազյուր տարածաշրջանի հետ 16-ամյա փոխհամագործակցության շրջանակներում արդեն իսկ մեծ ծավալի աշխատանքներ են սկիզբ առել գյուղատնտեսության, տուրիզմի, ֆրանկոֆոնիայի ոլորտներում և կարծիք հայտնեց,որ թե կազմակերպչական և թե ֆինանսական տեսանկյունից միանգամայն շահավետ կլինի բոլոր ծրագրերի համակենտրոնացումը: Մարզպետի համոզմամբ հայ-ֆրանսիական համագործակցությունը տարեցտարի նոր բովանդակություն է ստանում, որն իր բարերար ազդեցությունն է թողնում և առաջիկայում թողնելու է նաև Լոռու մարզի ինֆրակառուցվածքի վրա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59