Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջմարզային երիտասարդական փառատոն «Տաշիր» հիմնադրամի նախաձեռնությամբ
28.10.2014
![](http://lori.mtad.am/files/n_pics/6690_s.jpg)
Ստեփանավան քաղաքում անցկացվեց Միջմարզային երիտասարդական մշակութային երկօրյա փառատոն, որը կազմակերպել էին Տաշիր բարեգործական հիմնադրամը, վերջինիս հետ ակտիվ համագործակցող «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը և Ստեփանավանի քաղաքապետարանը: Փառատոնին մասնակցեցին բազմաթիվ երիտասարդներ հանրապետության բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Մասնակիցներն ընտրվել էին մարզպետարանների և ԼՂՀ մշակույթի նախարարության կողմից:
Ինչպես փառատոնի բացմանը նշեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, առաջնայինն այն է, որ նմանատիպ փառատոների կազմակերպման միջոցով երիտասարդների համար ստեղծվում է համապատասխան հարթակ՝ ինքնադրսևորվելու համար, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում փոխադարձ շփումների, փորձի փոխանակության ու նաև երիտասարդներին հուզող տարաբնույթ հարցերի քննարկման: Փառատոնի կազմակերպումը ողջունեց նաև Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը:
-Կազմակերպիչները նպատակ են ունեցել նման միջոցառումների միջոցով երիտասարդությանը հնարավորություններ ընձեռել առավել սերտորեն առնչվելու ազգային արժեքներին և մշակույթին, ինչը ողջունելի,-ասաց նա:
Փառատոնի ժյուրիի նախագահ, ԱԺ պատգամավոր, Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը կարևորեց հարյուրավոր երիտասարդներին համախմբելու հանգամանքը:
Թե՛ փառատոնի ընթացքում, թե՛ գալա-համերգին Ստեփանավանի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում թևածում էր բարձր տրամադրությունն ու ոգևորությունը:
Հատկանշական է, որ մասնակիցների թվում էին ե մի շարք փառատոների դափնեկիրներ (այդ թվում՝ միջազգային), տարբեր բնագավառներում որոշակի հաջողությունների հասած երիտասարդներ և սկսնակներ: Թեև մրցակցությունը թեժ էր, կազմակերպիչների կողմից շնորհակալագրերի արժանացան բոլոր մարզերի ու ԼՂՀ-ի ներկայացուցիչները: