Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Թատերական Լոռի» փառատոնը կայացավ

27.10.2014

Տասն օր շարունակ թատերարվեստի շունչն էր թևածում Ալավերդու, Վանաձորի, Ստեփանավանի մշակութային կյանքում: Եվ ահա հոկտեմբերի 26-ին Ալավերդու մշակույթի պալատի լեփ-լեցուն դահլիճում հնչեցին «Թատերական Լոռի» 22-րդ միջազգային փառատոնի վերջին ակորդները, վերջին ծափահարությունները՝ ուղղված բեմի մեծ վարպետ Սոս Սարգսյանին: Այդ օրն ամփոփվեց թատերարվեստի Լոռու փառատոնային պատմության ևս մեկ փառավոր էջ: Հանդիսականի դերում այդ օրը դերասաններն էին ու բեմադրիչները:
Այս փառատոնն ինքնատիպ էր նրանով, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ լավագույն դերակատարներ չեն առանձնացվել, փոխարենը անվանական մրցանակներ ստացան դերասաններն ու բեմադրիչները: Առաջին մրցանակը հանձնվեց Սոս Սարգսյանի հիմնադրած Համազգային թատրոնին` թատերական ավանդներին հավատարմության համար: Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանը նաև «Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակի» արժանացավ «Դզինմոնո» ներկայացման համար: Դերասանուհին խոստովանում է, որ այս հաջողության համար պարտական է նախ և առաջ Սոս Սարգսյանին, իսկ փատոնին առաջին անգամ է մասնակցում ու հեռանում է շատ տպավորված:
Եղան նաև այլ անվանական մրցանակներ. «Վոլոդյա Գրիգորյանի անվան մրցանակի» արժանացավ մեր հայրենակից Բորիս Պեպանյանը, «Վարդուհի Վարդերեսյանի անվան մրցանակի»` Ագնեսա Շահնազարյանը՝ «Պենելոպե» մոնոներկայացման համար: «Տարեկանի արտում» պիեսի բեմադրող-ռեժիսոր Նունե Խեչումյանը մրցանակ ստացավ Ալավերդու թատրոնի ներուժը նորովի ներկայացնելու համար: «Արմեն Ջիգարխանյանի» անվան մրցանակ ստացավ Չեխով քաղաքի թատրոնը՝ Անտոն Չեխովի «Սիրո մասին» ներկայացման համար: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնինն էր՝ Երվանդ Ղազանչյանի «Մեր տանտերերը» ներկայացման համար: Իսկ փառատոնի գլխավոր՝ «Սոս Սարգսյանի անվան մրցանակն» ստացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ թատրոնի զարգացման ու թատերական արվեստին ցուցաբերած աջակցության համար: Նա իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց.
-«Թատերական Լոռի» միջազգային 22-րդ փառատոնը, որն օրեր շարունակ թատերարվեստի հմայիչ և գերող հրավառություն էր ստեղծել Լոռու մարզում, հնչեցնում է իր գունեղ և հոգեպարար վերջին ակորդը: Մեր և ձեր փառատոնը կայացավ: Կայացավ կազմակերպիչների՝ Ալավերդու թատերախմբի անդամների և հատկապես նրանց ղեկավար Հրաչյա Պապինյանի կազմակերպչական նվիրումի շնորհիվ: Կայացավ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Թատերական գործիչների միության, հայ թատերարվեստի երախտավորներ Երվանդ Ղազանչյանի, Վահե Շահվերդյանի. Հակոբ Ղազանչյանի, հանձնախմբի արվեստագետ անդամների ջանադրության շնորհիվ: Կայացավ «Վալլեքս խմբի» սատարմամբ և Լոռու մարզպետարանի մասնակցությամբ: Մեր և ձեր փառատոնը կայացավ գլխավոր գործող անձանց՝ Երևանի, Մոսկվայի, Թբիլիսիի, Վոլգոգրադի, Չեխովի, Վանաձորի, Ալավերդու թատերախմբերի և նվիրյալ գործիչների մասնակցությամբ՝ բարձրարվեստ ներկայացումներով, հազարավոր թատերասերներին ներարկված գեղագիտական վայելքով, բարեկամական ջերմ մթնոլորտով: Շնորհակալություն ձեզ,- ասաց նա: Մարզի ղեկավարը շնորհակալագրեր հանձնեց Վոլգոգրադի երիտասարդական թատրոնի և Չեխով քաղաքի դրամատիկական թատրոնի կոլեկտիվներին:
«Թատերական Լոռի» փառատոնի անցկացմանն աջակցելու համար թատերական գործիչների միությունը փառատոնի համակարգող Նվարդ Ասատրանին պարգևատրեց Թատերական գործիչների միության «Ոսկե մեդալով»:
Թատերագետները և փառատոնի կազմակերպիչներն այն կարծիքին էին, որ տարեցտարի փառատոնն ավելի բարձրորակ ներուժ, ավելի վառ գույներ է ստանում: Արդեն երկրոդ անգամ՝ փատոնին ներկայանում են միայն պետական թատրոններ՝ ալավերդցիների ու մարզի հանդիսականի համար խաղալով լավագույն
ներկայացումներ: Օրինակ, այս տարի առաջին անգամ Ալավերդում շեքսպիրյան բեմադրություն ներկայացվեց:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ հատկապես վերջին տարիներին «Թատերական Լոռին» մեծ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանի թատերական կյանքում, գնալով ավելի շատ թատրոններ են ցանկանում մասնակցել այս փառատոնին: Հակոբ Ղազանչյանը նպատակ ունի հաջորդ տարիներին փառատոնին հրավիրել արտասահմանյան ավելի հեղինակավոր թատերախմբերի, նաև՝ եվրոպական ու ասիական երկրներից:
Վերջում ՀՀ Ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը ավանդույթի համաձայն հնչեցրեց փառատոնի ավարտն ազդարող զանգը, հաջորդ փառատոնին կրկին հանդիպելու մեծ ցանկությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53