Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

27.10.2014

Հոկտեմբերի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարը ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախորդ շաբաթ Սպիտակի թռչնաֆաբրիկա կատարած այցի որոշ մանրամասներ: Նա տեղեկացրեց, որ շահագործումից հետո ֆաբրիկան կաշխատի 240 հազար ճուտ հնարավորությամբ, աշխատանքով կապահովվի շուրջ 240 ընտանիք: Բացի այդ թռչնաֆաբրիկային կից կշահագործվի նաև համակցված կերերի կոմբինատը, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում է՛լ ավելի խթանելու հատիկային մշակաբույսերի արտադրությունը: Թռչնաֆաբրիկան նախատեսում է սերտորեն համագործակցել տարածաշրջանի գյուղատնտեսների հետ՝ նրանցից անհրաժեշտ քանակությամբ գարի, եգիպտացորեն և այլն գնելու համար: Ա. Նալբանդյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանին հանձնարարեց այս առումով սերտորեն համագործակցել թռչնաֆաբրիկայի տնօրինության և տարածաշրջանի գյուղատնտեսների հետ:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ հաջորդ տարվանից համայնքներին տրվող դոտացիաները կհաշվարկվեն Ոստիկանության անձնագրային բաժանմունքների տրամադրած տվյալների համաձայն, ինչի արդյունքում հատկապես խոշոր քաղաքային համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն կնվազեն: Ըստ Ա. Նալբանդյանի, չի բացառվում, որ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաներ տրամադրվեն ՝ ֆինանսական բացը լրացնելու համար:
Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերը հոկտեմբերի 24-ի դրությամբ: Ըստ նրա, սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 53,9 տոկոս, գույքահարկինը՝ 62,8 տոկոս, հողի հարկինը՝ 35,8 տոկոս: Ցավոք, երեք ցուցանիշերի գծով էլ համայնքները էականորեն զիջել են նախորդ տարվա արդյունքներին: Ըստ վարչության պետի, անհանգստացնողը առավելապես հողի հարկի ցուցանիշերն են: Փոխմարզպետները նշեցին, որ նախորդ շաբաթ ևս տարածաշրջաններում համայնքների ղեկավարների հետ բացատրական աշխատանքներ են իրականացրել՝ մինչև ամսվա վերջ իրավիճակը շտկելու համար: Ի դեպ, մի քանի համայնքներում, որտեղ ցածր ցուցանիշեր ապահովելը խրոնիկակական բնույթ է կրում, ցածր արդյունքները պայմանավորված են հիմնականում նրանով, որ համայնքների ղեկավարներն աշխատում են բնակչության միայն մի հատվածի հետ: Մարզպետը փոխմարզպետներին, համապատասխան վարչությունների պետերին հանձնարարեց լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել, նոր մոտեցումներ ցուցաբերել՝ հավաքագրումները պատշաճ մակարդակի հասցնելու համար:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներակայացրեց պետական աջակցությամբ իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի ընթացքը: Նա տեղեկացրեց, որ ծրագիրը կատարված է 97 տոկոսով, ֆինանսավորման խնդիր ևս չկա:
Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կողմից Լոռու մարզի 8 համայնքում կատարված համայնքային ծառայութան աշխատակազմերի կադրային գործավարության ստուգումների արդյունքներին: Հայտնաբերված թերությունները, թեև էական չեն եղել, սակայն մարզի ղեկավարի պահանջով դրանց մասին շրջաբերականների միջոցով կիրազեկվեն բոլոր համայնքները՝ նմանատիպ թեացումները բացառելու նպատակով: Ա. Նալբանդյանը համայնքներում վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբին հանձնարարեց վարչական ստուգումների ընթացքում ուշադրություն դարձնել նաև աշխատակազմի կադրային գործավարությանը:
Քննարկման առիթ դարձավ հոկտեմբերի 26-ին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Սուր անկյուն» հաղորդաշարում Լոռու մարզի Շամլուղ համայնքում բնակվող, սոցիալական բարդույթների մեջ հայտնված Մուրադյանների ընտանիքին վերաբերող պատմությունը: Մարզպետարանի ընտանքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ պատկան մարմինների ուղեկցությամբ, չորս անչափահաս երեխաների մոր մահից հետո մի քանի անգամ այցելություն է կատարվել նշյալ ընտանիք, ցուցաբերվել է տարաբնույթ աջակցություն: Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ ընտանիքն ունի բավարար ֆինանսական եկամուտ, և այստեղ առավել շատ առկա են հոգեբանական խնդիրներ: Ա. Նալբանդյանը հանձնարարեց առաջիկա օրերին դարձյալ այց կատարել ընտանիք, գնահատել կարիքները և որոշակի նյութական աջակցություն ցուցաբերել:
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09