Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը

08.10.2014

Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, հկ-ների ներկայացուցիչներ:
Ն. Մուիժնիկսը, ներկայացնելով այցի նպատակը, նշեց, որ իր ներկայացրած կառույցն առավելապես հետաքրքրված է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ու ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ուղղությամբ տարվող գործընթացներով: Նա նշեց, որ այցի շրջանակներում արդեն հասցրել է մի շարք պաշտոնական հանդիպումներ ունենալ, ուսումնասիրել հուզող հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքները մայրաքաղաքում, այժմ ցանկանում է իրազեկվել, թե ինչ քայլեր են իրականացվում մարզերում առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Մարդու իրավունքների հանձնակատարը խնդրեց նաև տեղեկատվություն ներկայացնել Լոռու մարզի մասին:
Արթուր Նալբանդյանը, ողջունելով հյուրին, նշեց, որ, որպես պետական կառավարում իրականացնող տարածքային մարմնի ղեկավար, կարևորում է Եվրախորհրդի աջակցությունը երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Նա համառոտ տեղեկություններ ներկայացրեց Լոռու մարզի մասին՝ մասնավորապես նշելով, որ մարզում առավելապես զարգացած է հանքարդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ՝ լուրջ ծրագրեր են իրականացվում տուրիզմի զարգացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է հյուրին հետաքրքրող՝ դատական համակարգում առկա խնդիրներին, ապա մարզպետը տեղեկացրեց, որ ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ՝ Լոռու մարզում, այս ոլորտում խնդրահարույց հարցեր առկա են, որոնք բարձրացվում են համապատասխան ատյաններում և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծում տալու նպատակով: Գենդերային հիմնահարցեր, ըստ մարզի ղեկավարի ևս առկա են մարզում, որոնք երբեմն ուղեկցվում են նաև ընտանեկան բռնություններով: Այս առումով նա կարևորեց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և գենդերային հիմնահարցերով զբաղվող մշտական գործող մարզային հանձնաժողովի դերակատարությունը: Մարզպետը վստահեցրեց, որ մարզպետարանը սերտորեն համագործակցում է նաև գենդերային, ընտանեկան բռնությունների հիմնախնդիրներով զբաղվող, փորձառու հասարակական կազմակերպությունների հետ, ինչն էլ տալիս է իր դրական արդյունքը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի խնդրանքով Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Նարեկ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրեց գենդերային հանձնաժողովի աշխատանքը: Պատասխանելով տարբեր ոլորտներում, այդ թվում և քաղաքականության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգում կանանց ներգրավվածությանը վերաբերող՝ մարդու իրավունքների հանձնակատարի հարցին՝ Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ մարզի 113 համայնքներից ընդամենը 5-ի ղեկավարներն են կանայք, մարզային ենթակայության 151 դպրոցներից 75-ը և 36 առողջապահական հիմնարկներից 23-ն են ղեկավարում կանայք: Քաղաքականության մեջ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգում կանանց պասսիվությունն ու սակավ ներգրավվածությունն, ըստ մարզի ղեկավարի, առավելապես պայմանավորված է ազգային մենթալիտետով, թեև այս ուղղությամբ իրականացված ծրագրերի շնորհիվ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվել:
Ն. Մուիժնիկսը ողջունեց Արթուր Նալբանդյանի շահագրգռվածությունը և ջանքները բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ աշխատանքներ տանելու առումով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59