Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծարվեց «Կենգուրու-2014»-ի դեռատի հաղթողը

07.10.2014

«Կենգուրու» խաղ-մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում 1980-ական թվականներին, որը շուտով լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում: Հայաստանում «Կենգուրուի» առաջին փորձնական մրցույթն անց է կացվել 2008 թվականին՝ 6 դպրոցների 3-11 դասարանցի շուրջ 640 աշակերտի մասնակցությամբ: Հենց այդ տարվանից էլ Երևանի և Գյումրու դպրոցականների հետ մրցույթին առաջին անգամ մասնակցություն ունեցան վանաձորցիները: Այսօր արդեն «Կենգուրուն» մաթեմատիկայի միջազգային ամենամեծ մրցույթն է, որին անդամակցում է ավելի քան 50 երկիր: Խաղ- մրցույթի հիմնական նպատակն է բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը առարկայի հանդեպ, օգնել երեխաների ներուժի բացահայտմանն ու ինքնադրսևորմանը, ՀՀ կրթական համակարգում քաջալերել մաթեմատիկա առարկայի զարգացումն ու տարածումը և այլն:
Հաճելի է, որ ամեն տարի «Կենգուրու» մրցույթի մրցանակակիրներ են դառնում աշակերտներ Լոռու մարզից: Առավել ոգևորիչ է հատկապես, երբ մրցույթի հաղթող են դառնում գյուղական համայնքների երեխաները: Նրանցից է նաև «Կենգուրու-2014» մրցույթի հաղթող Լոռու մարզի Մղարթ գյուղի հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Զինա Ղազարյանը:
Հոկտեմբերի 7-ին փոքրիկ գիտունիկին մարզպետարան էր հրավիրել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մտերմիկ, անբռնազբոս միջավայրում մարզպետը ջերմորեն շնորհավորեց աղջնակին առաջին հաջողության համար, մաղթեց, որ նա ավելի խորացնի իր գիտելիքները, նորանոր, առավել հեղինակավոր մրցանակների արժանանա, լավագույն ուսում ստանա ու պիտանի մարդ դառնա մեր երկրի համար:
Մարզպետն իր գոհունակությունն արտահայտեց նաև երեխայի ծնողների, ուսուցիչների նկատմամբ, ովքեր ջանացել են շնորհալի մանչուկի կրթության ու դաստիարակության հարցում: Միջազգային առարկայական մրցույթում հաղթող ճանաչվելու կապակցությամբ Ա. Նալբանդյանը Զինա Ղազարյանին հանձնեց Լոռու մարզպետի շնորհավորագիր, դրամական խրախուսանք և ծաղկեփունջ:
Միջոցառմանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության աշխատակիցներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59