Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը 80 տարեկան է

06.10.2014

Հոկտեմբերի 3-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց կրթօջախի հիմնադրման 80-ամյակը, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ, երաժիշտներ մայրաքաղաքից և Լոռու մարզի տարբեր բնակավայրերից, բազմաթիվ վանաձորցիներ։ Միջոցառումը վարում էին «Հորովել» երգի-պարի համույթի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, դպրոցի վոկալ ստուդիայի նախկին սան Արմեն Ներսիսյանը և դպրոցի խմբավարության դասատու Նաիրա Եթիմյանը։ Բացման խոսք ասաց կրթօջախի տնօրեն, երգահան Գագիկ Աղաբաբյանը, որն էլ հոբելյանի նախօրեին լույս տեսած կրթօջախի 80-ամյա տարեգրությունն ամփոփող «Շարունակվող կենսագրություն» գրքի հեղինակն է։ Նա հանգամանալից ներկայացրեց դպրոցի ստեղծման և զարգացման պատմությունը։ Զուգահեռաբար էկրանին ներկայացվում էր կրթօջախի լուսանկարային պատմությունը։ Հանդիսության սկզբում, ծափողջույնների ներքո, ծաղկեփնջեր հանձնվեցին կրթօջախի վետերան ուսուցիչներին։ Ելույթի վերջում Գ. Աղաբաբյանը շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին, Լոռու մարզպետին և Վանաձորի քաղաքապետին՝ կրթօջախի շենքի հիմնանորոգմանն աջակցելու համար։
Հոբելյանի առթիվ ողջույնի խոսք ասաց Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը: Կարևորելով կրթօջախի դերը Վանաձորի մշակութային կյանքում՝ նա նշեց, որ այստեղ են բոլոր պայմանները՝ երեխաների լիարժեք կրթության և դաստիարակության համար։ Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի և հոբելյանի առթիվ դպրոցի կոլեկտիվն արժանացավ Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալին: Արթուր Նալբանդյանը շնորհակալագրեր հանձնեց նաև կրթօջախի վաստակաշատ մանկավարժներին։
Վանաձորի քաղաքապետի անունից ևս պատվոգրեր հանձնվեցին վաստակաշատ մանկավարժներին։
ՀՀ մշակույթի նախարարության կողմից դպրոցի հոբելյանը շնորհավորեցին անվանի կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանը և ճանաչված ատլահար, միջազգային փառատոների դափնեկիր Մաքսիմ Նովիկովը։ Վ. Շառաֆյանը մշակույթի նախարարության ոսկե մեդալներ հանձնեց կրթօջախի նախկին տնօրեն, ուսմասվար Ալվարդ Իգիթյանին և նախկին երկարամյա տնօրեն, այժմ՝ ուսմասվար Ներսես Եթիմյանին, մի խումբ մանկավարժների հանձնեցին պատվոգրեր: Համերգի ընթացքում Վ. Շառաֆյանը և Մ. Նովիկովը հանդես եկան երաժշտական կատարումներով։ Շնորհավորելով հոբելյանի առթիվ, վաստակաշատ մանկավարժներին պատվոգրեր հանձնեց նաև Հայաստանի մշակույթի աշխատողների արհմիության ճյուղային հանրապետական միության փոխնախագահ Քնարիկ Շմավոնյանը: Կոմիտասի, Անդրեասյանի, Էդ. Կզարթմյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Պիացոլլայի, Շոպենի, Գ. Հախինյանի և այլոց ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան կրթօջախի մանկավարժները, սաները և մանկական երգչախմբերը։ Ընթերցվեցին արտասահմանյան տարբեր երկրներից և կրթօջախի նախկին սաների կողմից հղված շնորհավորական ուղերձները։ Հոբելյանի առթիվ շնորհավորեցին և նվերներ հանձնեցին նաև հյուրերից շատերը:
Միջոցառումն ավարտվեց Էդ. Կզարթմյանի «Հայաստան» և Գ. Հախինյանի «Իմ Կիրովական» երգերով, որոնք կատարեցին Վանաձորի քաղաքապետարանի կամերային և Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի մանկական երգչախմբերը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59