Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բերքի տոն-2014»

06.10.2014

Հոկտեմբերի 5-ին Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտում Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվեց ավանդական դարձած Լոռու մարզային «Բերքի տոն» հանդիսությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի գլխավորած պատվիրակությունը, Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր:
Տոնակատարության մասնակիցներին մարզի տարածաշրջանների ավանդույթները բնութագրող ուրախ երգ ու պարով, թատերականացված տեսարաններով դիմավորեցին Թումանյանական հեքիաթների հերոսները: Ավանդույթի համաձայն մարզի համայնքները ներկայացել էին առատ բերք ու բարիքով, յուրօրինակ ուտեստներով: Տաղավարների յուրօրինակ ձևավորումներով համայնքները չէին զիջում մեկը մյուսին: Ներկաների տրամադրությունն առավել քան տոնական էր:
Տոնակատարության մասնակիցներին ողջունեց, հյուրերին բարի գալուստ մաղթեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը, մարզի համայնքներին համախմբելու, գյուղացու քրտնաջան աշխատանքի արդյունքը ներկայացնելու ձգտումը: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, շնորհավորելով լոռեցիներին տոնի կապակցությամբ, իր ելույթում նշեց, որ Լոռու մարզում տարին բերքառատ է եղել, կարևորեց կառավարության մեծ աջակցությունը՝ գյուղական համայնքների բնակիչներին: Օրհնանքի խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդը:
Ավանդույթի համաձայն Լոռու մարզպետը պարգևներ՝ պատվոգրեր և շնորհավորագրեր հանձնեց մի շարք անվանակարգերում լավագույնը ճանաչված գյուղատնտեսներին և համայնքներին: ՀՀ գյուղնախարարության կողմից ևս պարգևատրվեցին մի խումբ գյուղատնտեսներ:
«Բերքի տոն-2014»-ին ակտիվորեն մասնակցելու, գյուղատնտեսական մթերքների ցուցանմուշները գեղեցիկ ձևավորելու և ցուցադելու համար լավագույն համայնքներ ճանաչվեցին Գարգառը և Ղուրսալին: Տաղավարի գեղեցիկ ձևավորման համար պատվոգրի արժանացավ նաև Վանաձորի մանկատան, Խնամքի կենտրոնի և Հատուկ դպրոցի սաների կողմից ձևավորված տաղավարը:
Պարգևատրվեցին նաև տոնակատարության ընթացքում անցկացված բազկամարտի, կշռաքարի բարձրացման և պարանի ձգման մրցումներում հաղթող ճանաչված մարզիկները:
Տոնակատարությունը հագեցած էր նաև գեղարվեստական կատարումներով: Միջոցառմանն ուրախ տրամադրություն էին հաղորդել մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից ժամանած անհատ կատարողները, պարային խմբերը: Հատկապես երեխաներին մեծ զվարճություն պարգևեց տոնակատարությանը մասնակցող լարախաղացի ցուցադրությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59