Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Տարեցների միջազգային օրը
01.10.2014
Լոռու մարզում բնակվում է մեկ դարյա իմաստնությունն ուսած 15 տարեց: Նրանցից հինգը ապրում են մարզկենտրոնում, երկուական՝ Մեծավանում և Ստեփանավանում, մեկական՝ Լեռնապատում, Փամբակում, Ձորագյուղում, Այեգեհատում, Շնողում և Ծաղկաբերում:
Հոկտեմբերի 1-ին Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ Վանաձորում բնակվող երկարակյացներին, ավանդաբար, այցելեցին պաշտոնատար անձինք: Փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը հյուրընկալվեցին Ազգանուշ Հովհաննիսյանին, Արշանուշ Ամիրխանյանին, Մարգարիտա Չիլինգարյանին, Հասմիկ Մխիթարյանին :
Տիգրան Բադոյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և իր անունից շնորհավորեց նրանց Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթեց առողջություն ու անհոգ ծերություն՝ հանձնելով դրամական պարգևներ: Տատիկները պատառիկներ պատմեցին իրենց բազմափորձ կյանքից՝ խաղաղություն բարեմաղթելով աշխարհին, երիտասարդներին հորդորեցին ամուր և աննահանջ կանգնել հայրենի հողի վրա:
Այցելություն կատարվեց նաև Վանաձորի տարեցների տուն, որտեղ օթևանածների համար Լոռու մարզպետի կողմից հյուրասիրություն էր կազմակերպվել: Փոխմարզպետը շնորհավորեց ծերերին տոնի կապակցությամբ:
-Թանկագին պապիկներ, տատիկներ,-ասաց նա,- վստահ եղեք, որ պետական աջակցությամբ այսուհետ ևս կարվի հնարավորինը՝ ձեզ համար բարեկեցիկ ծերություն ապահովելու համար:
Հյուրընկալները խնջույքով նշեցին իրենց տոնը: