Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցականները հանդիպեցին Լոռու մարզպետի հետ

29.09.2014

«Վորլդ Վիժըն» կազմակերպության՝ Լոռու մարզում իրականացրած  բազմաթիվ նախաձեռնություններից հերթականը մարզի  մի  քանի  համայնքների թվով 10 դպրոցներում «Անվտանգ եմ ես իմ  համայնքում, իմ դպրոցում» մեթոդաբանությամբ անցկացված դասընթացներն են, որ վարում  են տարբեր  կազմակերպություններից հրավիրված փորձագետները: Դրանք հիմնականում  առնչվում են դպրոցականների իրավունքներին ու պարտականություններին և նպատակ  են  հետապնդում երեխաների մոտ զարգացնել կրթական, իրավական, սոցիալական գիտելիքներ, ակտիվացնել նրանց դերը համայնքի  հասարակական-քաղաքական կյանքում:

 Օրերս նման 14-օրյա դասընթացներ անցած Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ և Տաշիրի  տարածաշրջանի Սարչապետ համայնքների շուրջ 40  դպրոցականներ իրենց խնդրանքով Լոռու մարզպետի հյուրն էին: Հանդիպումը տեղի ունեցավ մարզպետարանի  դահլիճում՝ մարզպետարանի  աշխատակազմի ընտանիքի,  կանանց  և  երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի, բաժնի  աշխատակիցների, «Վորլդ Վիժըն» կազմակերպության Լոռու մարզի  ծրագրերի ղեկավար Արմեն Բեժանյանի, Սարչապետի դպրոցի  տնօրեն Համլետ Դավթյանի, փորձագետների, այլոց մասնակցությամբ:

Ողջունելով դպրոցականներին, Արթուր Նալբանդյանն իր բավականին դրական վերաբերմունքն արտահայտեց նոր  սերնդի նկատմամբ, նշելով, որ խորհրդային իրականությունում մեծացած ու դաստիարակված իրենց սերնդի համեմատությամբ ժամանակակից պատանիներն ու պարմանուհիները ավելի առաջադեմ են, նախաձեռնող, ավելի ճկուն և ավելի արագ են  կողմնորոշվում կյանքի դժվարին իրավիճակներում: Դրան, թերևս, նպաստել է տեխնիկական առաջընթացն ու  տեխնոլոգիական գործընթացների աննախադեպ թռիչքը:

-Ես լավատես եմ ձեր ապագայի հարցում և լիահույս, որ  անկախ քաղաքական, տնտեսական  վայրիվերումներից դուք մեր պետության  ու  պետականության վաղվա հուսալի կերտողն ու  պատվարն եք լինելու,- ասաց մարզպետն ու երեխաներին  հորդորեց անբռնազբոս կերպով իրեն ու  ներկաներին ուղղել ցանկացած հետաքրքրող հարց, որոնց  պատրաստ  են սիրով պատասխանել:

Մեկուկեսժամյա հանդիպման ընթացքում դպրոցականները բազմաթիվ  հարցեր  ուղղեցին մարզի ղեկավարին, լսեցին նրա տեսակետները ընտանեկան հարաբերությունների, ժամանակակից ուսումնադաստիարակչական գործընթացի որոշակի վիճահարույց դրսևորումների, համայնքային կառավարման խնդիրներին երիտասարդ սերնդի մասնակցության և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

Հանդիպմանն արծարծված հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին նաև Նարեկ Սարգսյանը, Արմեն Բեժանյանը, Համլետ Դավթյանը, ուրիշներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59