Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տնօրենն ամփոփեց իր աշխատանքային գործունեության 100 օրը
27.09.2014
Սեպտեմբերի 26-ին Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը հրավիրել էր մամլո ասուլիս՝ իր պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ։ Մանրամասն տեղեկատվություն տալով անցած երեքուկես ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին, տնօրենը նշեց, որ իր գերխնդիրը համարում է բոլոր հնարավորությունների օգտագործմամբ, միջոցների ներդրմամբ ապահովել առողջապահության բարձր մակարդակ:
- Մեր նպատակն է՝ Վանաձորում ստեղծել մրցունակ բժշկական կենտրոն՝ ապահովելով որակյալ բուժծառայություն՝ ժամանակակից բժշկական սարքավորումներով և հուսալի բանիմաց բուժանձնակազմով,- ասաց Վ. Աբովյանը։
Նա տեղեկացրեց, որ անցած ժամանակահատվածում բժշկական կենտրոնը ձեռք է բերել էխոկարդիոգրաֆիայի, գաստրոսկոպիայի, սոնոգրաֆիայի, դիալիզի նոր սարքավորումներ, որոնցով հետազոտությունները մայրաքաղաքի համեմատ կատարվում են առավել մատչելի գներով։ Վերանորոգվել են մի քանի հիվանդասենյակներ։ Բժշկական կենտրոնի անձնակազմը մասնակցել է վերապատրաստման դասընթացների։ Կենտրոնն այս ընթացքում համալրվել է նոր մասնագետներով՝ մոնոգրաֆիստ, ուռուցքաբան, ծնոտային վիրաբույժ։ Ապագայում նախատեսված է աշխատանքի ընդունել կրծքային վիրաբույժի և նյարդաբանի։ Կենտրոնի բժիշկներից նյարդաբան Վրույր Ստեփանյանը վերջերս արժանացել է «Մխիթար Հերացի» մեդալի։
Բժշկական կենտրոնում մեծ ուշադրություն է դարձվում փորձի փոխանակմանը և բժիշկների փոխօգնությանը:
- Ցանկացած զարգացման հիմքում ընկած է վստահությունը, համագործակցությունը, հետևողականությունը, թափանցիկությունը և պատասխանատվությունը, իսկ զարգացման հաջողությունը պայմանավորված է նվիրված և համառ թիմային աշխատանքով։ Փորձելու ենք առաջնորդվել այս սկզբունքներով,- ասաց Վ. Աբովյանը։
Նա պատասխանեց նաև լրագրողների տարաբնույթ հարցերին։ Մասնավորապես հիվանդանոցի նոր շենքի կառուցման հետ կապված հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ նախկինում նշված վերջնաժամկետը՝ 2016 թվականը, դեռևս ստույգ չէ և ճշտվելուց հետո այդ մասին կտեղեկացվի հանրությանը։