Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանուն աղետների ռիսկերի նվազեցման
25.09.2014
2012թ. դեկտեմբերին Ավստրիայի զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի համաֆինանսավորմամբ Լոռու մարզում մեկնարկեց «Կայուն, առողջ և անվտանգ համայնք» ծրագիրը: Մեկնարկային փուլում ծրագրի շահառուներն են Դարպաս, Կուրթան, Վահագնի և Կողես գյուղական համայնքները: Գյուղերում ստեղծվել են արագ արձագանքման կամավորական խմբեր, տրամադրվել է համապատասխան գույք: Դպրոցներում տեղադրվել են անձնակազմի և աշակերտության տարհանման ցուցանակներ, ուսուցիչների հետ անց են կացվել աղետների իրազեկման բարձրացմանն ուղղված դասընթացներ՝ արտակարգ իրավիճակային ռիսկերի կառավարման թեմայով, վերջիններս էլ իրենց հմտությունները փոխանցում են աշակերտներին: Նշյալ բոլոր դպրոցներում կազմակերպվել են թեմատիկ վիկտորինաներ, ուսումնական տարհանումներ, լավագույնները խրախուսվել են:
Երեկ Լոռու մարզպետին հյուրընկալվել էին Ավստրիայի զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի, ինչպես նաև Հայաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչները:
Հայաստանի Կարմիր խաչի նախագահ Մխիթար Մնացականյանը մարզպետին ներկայացնելով հյուրերին, հակիրճ պատմեց ծրագրի ընթացքի մասին:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց հյուրերին Լոռու մարզում անչափ կարևոր այդ ծրագիրն իրականացնելու համար, պատրաստականություն հայտնելով այսուհետև ևս աջակցել ցանկացած հարցում: Որպես տարերքներին դիմակայության կարևորագույն գործոն, նա հյուրերին տեղեկացրեց ԱԻՆ Լոռու փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի գործարկման մասին, որը իր տեսակի մեջ երկրորդն է մայրաքաղաքից հետո:
Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Մարտին Լեդոլտերն իր խոսքում ֆանտաստիկ համարեց Հայկական Կարմիր խաչի գործունեությունն ընդհանրապես և մասնավորապես սիրիահայերին ցուցաբերվող անգնահատելի օգնության հարցում: Նա ասաց, որ ՀՀ-ում Ավստրիայի արտակյարգ և լիազոր դեսպանի հետ օրերս պայմանավորվել են այս հարցում ամենայն աջակցություն ցուցաբերել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը:
-Մեր դիտարկմամբ Լոռու մարզը բնական աղետների առումով առավել խոցելի տարածքն է ներկովկասյան տարածաշրջանում, դրա վկայությունը նաև 1988-ի արհավիրքն էր, ուստի մեր խնդիրն է ամեն միջոց ներդնել եթե ոչ կանխելու, ապա գոնե նվազեցնելու աղետների ռիսկերը, -ասաց Մարտին Լեդոլտերը:
Խորհրդակցությունում նշվեց, որ գալիք տարվանից ծրագիրը կգործի մարզկենտրոնում և Ստեփանավանում: