Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
25.09.2014
Լոռու մարզի ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը բարձրացնելու, դրանց շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև Լոռու մարզի բժշկական կազմակերպություններում դեռևս չիրականացվող մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները տեղի բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով «Էրեբունի բժշկական կենտրոնի» և Լոռու մարզպետարանի միջև սեպտեմբերի 25-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի ստորագրման նպատակով մարզկենտրոն էին ժամանել «Էրեբունի բժշկական կենտրոնի» գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը, կենտրոնի պատասխանատու աշխատակիցներ:
Հանդիպմանը, որը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանում, ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարներ:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշեց, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրման, այն է՝ համագործակցության մտահղացումը ծագել է ամիսներ առաջ՝ կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ զրույցի ժամանակ:
-Համագործակցության նախաձեռնությունը ողջունել է նաև ՀՀ վարչապետը: Նա պատրաստակամություն է հայտնել անձամբ հետևելու հուշագրով սահմանված դրույթների իրականացմանը,- ասաց Ա. Նալբանդյանը:
Մարզի ղեկավարը հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը կարևորեց հատկապես բազմակողմանի համագործակցության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացման առումով:
Ա. Նալբանդյանը, ներկայացնելով մարզի առողջապահության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, տեղեկացրեց նաև, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացվող «Վանաձորի բժշկական կենտրոնի» ծննդաբերական բաժանմունքի կառուցումը մոտենում է ավարտին: Ինչ վերաբերում է բուժհաստատության հիմնական մասնաշենքի կառուցմանը, ապա տարեցտարի, ըստ ժամանակացույցի, միջոցներ կհատկացվեն նաև այդ նպատակով:
Արթուր Ռոստոմյանն իր հերթին կարևորեց համագործակցության անհրաժեշտությունը: Նա ասաց, որ հուշագրի շրջանակներում Լոռու մարզում կկազմակերպվեն բաց դռների օրեր, տեղում կցուցաբերվի խորհրդատվական, անհրաժեշտության դեպքում՝ արդեն «Էրեբունի բժշկական կենտրոնում»՝ նաև նեղ մասնագիտական օգնություն: Մասնագիտական աջակցություն կցուցաբերվի տեղի բուժհաստատությունների աշխատակազմերին ևս:
Հուշագիրը ստորագրեցին Ա. Ռոստոմյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը:
Հուշագրում տեղ գտած դրույթների իրագործման առաջին քայլը կատարվեց անմիջապես: Նույն օրը մայրաքաղաքի բուժաշխատողները լայնընդգրկուն կոնֆերանս կազմակերպեցին տեղի բուժաշխատողների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին մասնագիտական մի շարք հարցեր: Ա. Ռոստոմյանի վստահեցմամբ՝ նմանատիպ կոնֆերանսներ մարզում հաճախակի կանցկացվեն: Առաջիկա օրերին մարզկենտրոնում կկազմակերպվի նաև բաց դռների օր: