Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փնջային խորհրդակցություններ տարածաշրջաններում

25.09.2014

Ավարտվում է 2014թ. երրորդ եռամսյակը և  մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի վարչությունների ղեկավարների հետ արտագնա  խորհրդակցություններ է  անցկացնում տարածաշրջաններում՝ քննարկելու տնտեսական արդյունքները, տեղում ծանոթանալու առկա հիմնախնդիրներին:

Սեպտեմբերի 24-ին մարզպետը նախ հանդիպեց Գուգարքի, ապա, օրվա երկրորդ  կեսին՝ Սպիտակի տարածաշրջանի համայնքների  ղեկավարների հետ: Մարզի  ղեկավարը վերստին  անդրադարձավ գյուղատնտեսական համատարած  հաշվառման  համապետական ծրագրի  կարևորությանը, հետաքրքրվեց, թե արդյո՞ք բոլոր  համայնքապետարաններն են հարկավոր մակարդակով նախապատրաստվել գործընթացին, ի՞նչ բացթողումներ կան: Թեև համայնքների ղեկավարները հավաստեցին, որ հաշվառման  նախապատրաստական աշխատանքներն ապահովված են, սակայն  մարզպետը հերթական  անգամ  նրանց  հորդորեց մանրակրկիտ  բացատրական աշխատանք տանել  բնակչության  հետ, յուրաքանչյուրին  բերել այն համոզման, որ ունեցած անասնագլխաքանակի, շարժական  ու  անշարժ գույքի մասին  ճիշտ տեղեկատվությունը միայն ու  միայն բխում է հենց  իրենց՝ տնտեսվարողների  շահերից, որ  դա կնպաստի պետության կողմից  գյուղական համայնքներին համակողմանի բավարար աջակցությանը, այն է՝ մատչելի  գներով անասնապահական ու բուսաբուծական պատվաստանյութերի,  սերմացուի, պարարտանյութերի ու դիզելային վառելանյութի տրամադրման գործընթացի կանոնակարգմանը:

-Նման պրակտիկան վաղուց ի  վեր արմատավորված է զարգացած  եվրոպական երկրներում, ուր առնվազն 10 տարին  մեկ կատարվում է գյուղատնտեսական համատարած հաշվառում և դրանց արդյունքներն ակնհայտ են: Նկատի  ունեցեք, որ հաշվառման բոլոր ցուցանիշների գաղտնիությունը երաշխավորվում է  պետության  կողմից և  ոչ մի  տնտեսվարող թող չմտահոգվի, որ իրեն  առնչվող  տվյալները  կարող է հասանելի  լինել որևէ  կառույցի կամ անհատի,-ասաց Ա. Նալբանդյանը:

Խորհրդակցությունների  օրակարգի առանցքային  հարցերից  էր նաև սեփական  եկամուտների  հավաքագրման գործընթացը համայնքներում: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական  զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը մանրակրկիտ  ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանների համայնքներում: Թեև նախորդ  տարիների  համեմատությամբ  մի  շարք  ցուցանիշների գծով առաջընթացն ակնհայտ է, սակայն մարզպետը վերստին շեշտեց, որ ստանձնած հարկային պարտավորությունների 80-90 տոկոսով կատարումը այլևս   բավարարել չի  կարող և  բարեհաջողության  գրավականը առաջադրանքների անվերապահ  կատարումը պետք է լինի: Սա է հանրապետության  իշխանության դիրքորոշումը և կառավարության կողմից ֆինանսական  աջակցության գրավականը ստանձնած պարտավորությունների անթերի կատարումն է: Երկու տարածաշրջաններում էլ տարբեր համայնքներում տարբեր են  եկամուտների հավաքագրման  ցուցանիշները, բայց երկուսի համար  որպես բնորոշ թերացում նկատելի է  համայնքապետարանների գերակշիռ  մասի անբավարար աշխատանքը հողի  հարկի  և  տեղական տուրքերի հավաքագրման գործում:

-Ձեր  իսկ առաջարկներով կառավարությունը հնարավորություն ընձեռեց անբարեխիղճ իրավաբանական անձանց ու  անհատների նկատմամբ ուղղակի, առանց դատական  գործընթացի, հարկադիր  կատարման  մարմինների ներգրավումով, վարչական  վարույթ ձեռնարկելու և կուտակված պարտքերը գանձելու համար: Տարեսկզբից մինչ օրս ո՞ր համայնքապետն է կիրառել  այդ  հնարավորությունը,-կշտամբեց մարզպետը:Նա  բոլորին  մեկ անգամ  ևս հորդորեց լուրջ և  հետևողական աշխատանք  տանել  բնակչության հետ, կատարել հարկային  պարտավորությունները:

Քննարկվեց  նաև բերքահավաքի  ու  աշնանացանի ընթացքը: Նշվեց, որ ընդհանուր  առմամբ  տարին վատ չէր, չնայած աննախադեպ  կարկտահարություններին, հիմնականում բավարար արդյունքներ են  գրանցվել:

Փնջային խորհրդակցություններում քննարկվեցին նաև «Բերքի տոն-2014»-ին նախապատրաստվելու, զինապարտների գրանցամատյանների  վարման, գյուղական համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների արմատավորման, մշտական գործող  հանձնաժողովների գործունեության և  այլ հարցեր:  

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59