Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի պատվիրակությունը ՀՀ Անկախության տոնը նշեց Արցախում

24.09.2014

Տարիների պատմություն ունի Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի բարեկամությունն ու համագործակցությունը, որի շրջանակներում ավանդական են դարձել փոխայցելությունները, Լոռի-Մարտակերտ բարեկամության կամուրջներ խորագրով տարբեր միջոցառումները:
Այս տարի ևս, սեպտեմբերի 20-22-ին, Լոռու մարզի պատվիրակությունը հերթական այցով ԼՂՀ-ում էր: Այցը կայացավ «Վալլեքս գրուպ» ընկերություների խմբի ղեկավարության և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորությամբ: Մարզի պատվիրակությունն այս անգամ նպատակադրվել էր ՀՀ Անկախության 23-րդ տարելիցը տոնել արցախցի հայրենակիցների հետ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած պատվիրակության կազմում էին Լոռու մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, Թումանյանի տարածաշրջանի երկրապահ կամավորական միության և Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի անդամներ, «Վալլեքս խմբի» Հայաստանում գործող ընկերությունների աշխատակիցներ:
Այցի շրջանակներում պատվիրակության մի քանի անդամներ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ հանդիպում ունեցան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԼՂՀ վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը, գործակցության նոր ոլորտների նախանշման կարևորությունը: Ա. Ղուլյանը առանձնացրեց հատկապես Լոռու մարզի և Մարտակերտի շրջանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որում, ըստ նրա, անգնահատելի է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և «Բեյզ Մեթլս» ընկերության դերակատարությունը: Նա ընկերության դերակատարությունը կարևորեց հատկապես ԼՂՀ տնտեսության զարգացման գործում: Լոռու մարզպետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորեց համագործակցության սերտացման անհրաժեշտությունը: ԼՂՀ ԱԺ նախագահը Լոռու մարզպետին պարգևատրեց ԼՂՀ «Ղարաբաղյան շարժում» հուշամեդալով: Աշոտ Ղուլյանը ներկաների համար նաև փոքրիկ էքսկուրս կատարեց՝ ծանոթացնելով ԱԺ աշխատանքներին:
Պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաև Մարտակերտի վարչական շրջանի վարչակազմի անդամների հետ: Քննարկվեցին փոխհարաբերությունների սերտացման անհրաժեշտության հետ կապված կոնկրետ հարցեր: Երկուստեք կարևորեցին փոխայցելություններն ու գործակցությունը նաև երկու վարչական շրջանների կրթօջախների, մշակութային օջախների միջև: Պայմանավորվածություն ձեռք բերվեց «Բեյզ մեթլս» ընկերության աջակցությամբ այս ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել: Լոռու մարզպետն այս անգամ ևս ձեռնունայն չէր եկել: Նա համակարգիչներ նվիրեց Մարտակերտի վարչական շրջանին ՝ըստ անհրաժեշտության տնօրինելու համար:
Այցելություն կատարվեց նաև Ստեփանակերտի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին՝ հարգելով հերոս նահատակների հիշատակը:
Այցը հագեցած էր նաև մշակութային միջոցառումներով: Մինչ Արցախ հասնելը՝ Լոռու մարզի պատվիրակությունը եղավ Տաթևի վանական համալիրում: Արցախում պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան լինելու Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, հիանալու Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնի հրաշք ճարտարապետությամբ, եղան Գանձասարում, Դադիվանքի վանական համալիրում, Տիգրանակերտ քաղաք-թանգարանում, Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Այա և Ապա» («Մենք ենք մեր լեռները») հուշարձանում, ունկնդրեցին Երևանի Երգի պետական թատրոնի կատարումները՝ նվիրված ՀՀ Անկախության օրվան (գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյան):
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին «Վալլեքս» խմբի ընկերություններից «Բեյզ Մեթլս» ՓԲԸ-ին պատկանող Դրմբոնի լեռնահանքային համալիրում, Կաշենի բաց հանքավայրի տարածքում՝ ծանոթանալով կատարվող աշխատանքներին:
Հովանավորների աջակցությամբ «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող «Վալլեքս գարդն հոթել» հյուրանոցում կազմակերպվել էր նաև ճաշկերույթ: Միջոցառման ընթացքում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր խոսքում արժևորեց «Վալլեքս» խմբի ընկերությունների մեծ ներդրումը երկու երկրների արդյունաբերության զարգացման գործում՝ նշելով նաև, որ ընկերությունը բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակ է և միջոցներ չի խնայում այդ նպատակների համար: Արթուր Նալբանդյանը «Բեյզ Մեթլս» ընկերության գլխավոր տնօրեն, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Արթուր Մկրտումյանին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: Օգտվելով առիթից՝ նա նաև շնորհավորեց ներկաներին ՀՀ Անկախության օրվա առթիվ՝ խորհրդանշական համարելով, որ Հայաստանի համար չափազանց կարևոր ու արժեքավոր այս տոնը նշվում է երկրորդ հայրենիքում՝ արցախցի հայրենակիցների հետ: Նա ներկաների անունից իր խորին երախտագիտությունն ու խոնարհումը հայտնեց ներկա ազատամարտիկներին՝ անգնահատելի համարելով նրանց ավանդը արցախյան պատերազմում: Իր հերթին ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր ասաց նաև Արթուր Մկրտումյանը: Նա կարևորեց համագործակցությունը Լոռու մարզի հետ, գործակցություն, որը խոր արմատներ ունի և վեր է ածվել ջերմ բարեկամության: «Բեյզ Մեթլս» ընկերության կողմից շնորհակալագրերի արժանացան Թումանյանի տարածաշրջանի երկրապահ կամավորական միության անդամները: Ա. Մկրտումյանը միությանը դրամական օգնություն տալու պատրաստակամության հայտնեց, որը հանդիսությանը ներկա ազատամարտիկների ցանկությամբ կբաշխվի զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
Եռօրյա այցից հետո պատվիրակությունը վերադարձավ հարուստ տպավորություններով, փոխհամագործակցության թարմացված ծրագրերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59