Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա խորհրդակցություններ՝ մարզի տարածաշրջաններում

19.09.2014

Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերթական արտագնա խորհրդակցություններն անցկացրեց Տաշիր և Ստեփանավան քաղաքներում՝ տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նրան ուղեկցում էին փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի վարչությունների պետեր:
Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերն օրախնդիր էին:
Խորհրդակցություններին մասնակցող համայնքների ղեկավարներին մարզի ղեկավարը հորդորեց և պահանջեց հոկտեմբերի 11-30-ը հանրապետության համայնքներում անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառմանը ցուցաբերել գործուն աջակցություն, տեղեկատվությունը չթաքցնել, ներկայացնել իրական պատկերը:
- Համայնքների բնակիչները, անհիմն հաշվենկատությամբ, հաճախ ոչ ստույգ տեղեկություններ են հայտնում, պակաս են ներկայացնում անասնագլխաքանակը, մշակվող ցանքատարածությունները և այլն, ինչի արդյունքում պետության կողմից անհարժեշտության դեպքում տրամադրվող աջակցությունն էլ այդ տվյալներին համապատասխան է լինում: Զարգացած երկրներում գյուղատնտեսական համատարած հաշվառում իրականացվում է յուրաքանչյուր տասը տարին մեկ և այն գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակ ունի,- ասաց Ա. Նալբանդյանը:
Հաջորդ կարևոր հարցը սեփական եկամուտների հավաքագրումն էր: Ա. Նալբանդյանը նշեց, որ հողի հարկի հավաքագրման տեմպերը մարզում ցածր են: Ընդհանուր առմամբ, սեփական եկամուտների հավաքագրմամբ մարզը նախորդ տարվա ցուցանիշներից ետ է 16 մլն. դրամով և պետք է անել առավելագույնը իրավիճակը շտկելու համար: Հողի հարկի հավաքագրման ցուցանիշներով մարզը վերջին տեղում է հանրապետությունում: Մարզի ընդհանուր ցուցանիշների վրա բացասաբար է անդրադառնում հատկապես Տաշիրի տարածաշրջանի համայնքների հավաքագրումը: Ցածր են Լեռնահովիտ, Միխայելովկա, Մեդովկա, Նովոսելցովո, Ձյունաշող, Ձորամուտ, Դաշտադեմ, Պաղաղբյուր, Մեղվահովիտ, Արծնի, Պրիվոլնոյե համայնքների հավաքագրումները: Մարզպետը պահանջեց լուրջ ուշադրություն դարձնել հատկապես հողի և գույքի վարձակալման հարկերի հավաքագրմանը:
Ստեփանավանի տարածաշրջանում այս առումով ցուցանիշները փոքր-ինչ ավելի բարվոք են, թեև՝ ոչ բավարար: Այստեղ թերանում են հատկապես Վարդաբլուր, Հոբարձի, Պուշկինո, Ամրակից, Ուռուտ, Կաթնաղբյուր, Սվերդլով, Ուրասար, Լեջան, Ագարակ, Կողես համայնքները:
Անդրադարձ կատարվեց բերքահավաքի աշխատանքներին, գյուղատնտեսությանն առնչվող մի շարք այլ հարցերի: Համայնքների ղեկավարները նշեցին, որ բերքահավաքի արդյունքները բավարար են, թեև մի քանի գյուղերում գարնան և ամռան ամիսներին տեղացած կարկուտի հետևանքով կորուստներ եղել են: Մարզի ղեկավարը նշեց, որ գյուղատնտեսներին պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ մատչելի գներով դիզվառելիք, սերմացու և պարատանյութ տրամադրելը, շարունակական կլինի: Ժամանակն է ներկայացնել նաև գարնանացանի սերմացուի պահանջարկը, իսկ աշնանացանի սերմացուի դիմաց պարտք ունեցող համայնքներին գարնանացանի սերմացու չի տրամադրվի այնքան ժամանակ, քանի դեռ պարտքը չեն մարել: Քննարկվեցին նաև բերքի իրացման հետ կապված հարցեր: Ա. Նալբանդյանը խոստացավ անհրաժեշտության դեպքում դիմել գյուղնախարարությանը:
Քննարկվող հարցերի թվում էին նաև զորակոչային գրանցամատյանների պատշաճ կերպով վարման, տեղեկատվական համակարգերի տեղադրման և գործարկմանը վերաբերող, ինչպես նաև առաջիկա տոներին՝ մասնավորապես Անկախության և Բերքի տոներին առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր:
Ստեփանավանի քաղաքապետարանում կազմակերպվել էր նաև քաղաքացիների ընդունելություն Ա. Նալբանդյանի կողմից: Մարզի ղեկավարի հետ հանդիպում էր խնդրել 4 քաղաքացի:
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի երկու բնակիչ դիմեցին բնակարանային պայմանների բարելավման և բնակարանների գազաֆիկացման հարցերով: Ա. Նալբանդյանը նշեց, որ մի քանի անգամ եղել է թաղամասում, իրազեկ է խնդրին: Նա պարզաբանեց, որ ներկայում առաջնահերթ է երկրաշարժի հետևանքով բնակարաններ կորցրած քաղաքացիներին բնակարանով ապահովվման խնդիրը: Այս ծրագրի ավարտից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ նաև ոչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման հարցին, նաև նշեց, որ Աշոտաբերդ թաղամասի խնդիրը ՀՀ նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա թաղամասի գազաֆիկացումը կատարվել է դեռևս շուրջ երկու տարի առաջ՝ պետական աջակցությամբ՝ մարզում իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում: Բնակիչներին մնում է միայն աբոնենտ դառնալ: Իսկ այդ հարցով մարզպետի հանձնարարությամբ կզբաղվի Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:
Ստեփանավանի Չարենցի փողոցի բնակիչների անունից ընդունելության եկած քաղաքացին խնդրեց աջակցել փողոցի բարեկարգման հարցով: Ա. Նալբանդյանը նշեց, որ քաջատեղյակ է խնդրին, սակայն փողոցի ասֆալտապատումը լուրջ ներդրումներ է պահանջում: Նա խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում աջակցել:
Արմանիս թաղամասում ջրագծերի անցկացման հարցով դիմած քաղաքացուն մարզպետը հավաստիացրեց, որ քաղաքապետի հետ միասին խորամուխ կլինեն հարցում և լուծման արդյունավետ տարբերակ կգտնեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59