Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոբելյանական մեդալներ՝ Բելառուսիայի ազատագրմանը մասնակից լոռեցի վետերաններին
11.09.2014
2014թ. հուլիսի 3-ին Բելառուսի հանրապետությունում հանդիսավորությամբ նշվել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և երկրի ազատագրման 70-ամյա հոբելյանը: Այդ առիթով Բելառուսի նախագահի հանձնարարականով անց են կացվել հոբելյանական հանդիսավոր միջոցառումներ, պարգևատրվել են Բելառուսի ազատագրման գործում մեծ ավանդ ունեցող Հայրենական պատերազմի մասնակից վետերանները՝ նախկին խորհրդային միության բոլոր երկրներից: Լոռու մարզի տարբեր համայնքներից ևս Բելառուսի ազատագրմանը մասնակից են դարձել բազմաթիվ հայորդիներ: Նրանցից սակավաթիվներն են կենդանի մնացել: Այսօր ապրող վետերաններին ու կյանքից հեռացած 5 անձանց սերունդներին հոբելյանական մեդալները հանձնելու համար Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ Վանաձոր էր ժամանել Հայաստանում Բելառուսի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոն:
Վետերաններին պարոն դեսպանը հանդիպեց Լոռու մարզպետարանում: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը:
Դեսպանին և այդ կարևոր նախաձեռնությունը ողջունելով՝ Ա. Դարբինյանն իր և Լոռու մարզպետի անունից շնորհակալություն հայտնեց վետերաններին խրախուսելու և նրանց ավանդը բարձր գնահատելու համար:
Ա. Սուխարենկոն Բելառուսի նախագահի անունից խորին երախտագիտություն հայտնեց վետերաններին և նրանց սերունդներին՝ Բելառուսիայի ազատագրման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար: Նա առողջություն մաղթեց դահլիճում ներկա վետերաններին՝ պատրաստակամություն հայտնելով նրանց անձամբ հանձնելու նաև 75-ամյակի հոբելյանական մեդալը: Գնահատանքի համար վետերանների անունից շնորհակալական խոսք հնչեցրեց նաև ՀՀ վետերանների միավորման Վանաձորի խորհրդի նախագահ Գարուշ Խաչատրյանը: