Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Թումանյանի տարածաշրջան

11.09.2014

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը սեպտեմբերի 10-ին աշխատանքային այցով Ալավերդի քաղաքում էր: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի վարչությունների, բաժինների պետեր, մարզպետի օգնականները: Այցի գրաֆիկը բավականին հագեցած էր: Մարզի ղեկավարը եղավ Սանահին վանական համալիրում, Ալավերդու քաղաքապետարանում խորհրդակցություն անցկացրեց Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ, կատարեց քաղաքացիների ընդունելություն:
Սանահին վանական համալիրի տարածքում «Վորլդ Վիժն» կազմակերպությունը, անգլիացի բարերարի ֆինանսական աջակցությամբ, օժանդակում է մի խումբ երիտասարդների՝ իրականացնելու «Բացահայտիր Սանահինը» ծրագիրը: Վերջինս իրականացվում է սեպտեմբերի 5-ից 14-ը՝ նպատակ ունենալով ներգրավելու առավել մեծ թվով զբոսաշրջիկների: Այս օրերին վերջիններս հնարավորություն են ունենում օգտվելու անվճար էքսկուրսիոն ծառայություններից, դիտելու Սանահինում ստեղծված հազվագյուտ ձեռագրերի կրկնօրինակները: Բացի այդ, ծրագրի շրջանակներում վանական համալիրի բակում տեղադրվել են տաղավարներ, սեղան-նստարաններ, տարածքն ապահովվել է Wi-Fi անվճար կապով: Տասնօրյակին ընդառաջ՝ ծրագրին մասնակից երիտասարդները կատարել են տեղանքի, Սանահին վանական համալիրին առնչվող նյութերի մանրակրկիտ ուսումնասիրություն, բարեկարգել ու մաքրել տարածքը, կազմել Սանահինը բնութագրող հուշանվերների հավաքածու: Սեպտեմբերի 10-ին էքսկուրսիային մասնակից դարձան և կատարված աշխատանքներին ծանոթացան Արթուր Նալբանդյանն ու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ներկայացնելով ակցիայի նպատակը՝ նախաձեռնողները հյուրերին տեղեկացրին, որ ծրագրի ավարտին, ամփոփելով արդյունքները, ուսումնասիրություն կկատարվի, թե 10-օրյակի ընթացքում որքանով է աճել զբոսաշրջիկների թիվը: Հաջող արդյունքի դեպքում՝ ծրագիրը կիրականացվի նաև Ախթալայում, Հաղպատում և Օձունում: Մարզպետը և Գուգարաց թեմի առաջնորդը ողջունեցին երիտասարդների ակտիվությունը և նախաձեռնողականությունը՝ պատրաստակամություն հայտնեցին աջակցել:
Մարզի ղեկավարը Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրած խորհրդակցությանը տեղեկացրեց, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Լոռու մարզում դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների վերանորոգման, գույքով համալրման բարեգործական ծրագրեր իրականացնել: Ծրագրին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 17-ը: Անցնելով խորհրդակցության օրակարգային հարցերին՝ մարզի ղեկավարն անդրադարձավ հոկտեմբերին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացի հետ կապված մի շարք խնդիրների՝ հորդորելով առավելագույն կերպով աջակցել վիճակագրական ծառայության աշխատակիցներին: Քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված մի շարք հարցեր: Ներկայացնելով այս տարվա հավաքագրման ցուցանիշները՝ մարզպետարանի ֆինանսական և սոցիալական ապահովության վաչության պետ Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ չեն և պետք է լարված աշխատել իրավիճակը շտկելու համար: Ա. Նալբանդյանը նշեց, որ սեփական եկամուտների հավաքագրումը համայնքի ղեկավարների պարտադիր լիազորություններից է, իսկ թերացումներն անընդունելի են: Մարզպետը հանձնարարեց արդեն իսկ սկսել 2015թ. համայնքային բյուջեների կազմման աշխատանքները՝ հորդորելով կազմել իրատեսական բյուջեներ, ինչպես նաև ներկայացնել պետական աջակցությամբ մատչելի գներով տրամադրվելիք դիզվառելիքի, աշնանացան սերմացուի պահանջարկի հայտերը: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին բերքահավաքի արդյունքները՝ նշելով, որ չնայած այս տարվա եղանակային անբարենպաստ պայմաններին, ընդհանուր առմամբ բերքահավաքի ընթացքը գոհացնում է: Մարզի ղեկավարը նշեց, որ հաջորդ տարիներին ևս մարզում հակակարկտային կայաններ կտեղադրվեն մշակովի հողատարածքները կարկտահարություններից պաշտպանելու համար:
Քաղաքացիների ընդունելությանը ներկայացած բնակիչները մարզի ղեկավարին դիմեցին սոցիալական աջակցության, առողջապահական, աշխատանքի տեղավորման հարցերով: Ա.Նալբանդյանը նրանց հարցերին տվեց սպառիչ պատասխաններ: Ընդունելության էին եկել նաև Ալավերդու ճոպանուղու աշխատակիցները՝ բողոքելով, որ ֆինանսական սղության պատճառով ճոպանուղին չի գործում ավելի քան երեք ամիս: Ճոպանուղու վերագործարկաման համար անհրաժեշտ սարքը ձեռք բերելու համար անհրաժեշտ է 5000 եվրո: Մարզպետը նշեց, որ քաջատեղյակ է խնդրին և որ դրան լուծում տալու քննարկումներ են ընթանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59