Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը Նոր Խաչակապ համայնքում էր

09.09.2014

Խմելու և ոռոգման ջրի խնդիրը Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում արդիական է արդեն շուրջ 20 տարի: Հատկապես սակավաջուր տարիներին՝ ամռան տապ օրերին, համայնքի բարձրադիր թաղամասերի բնակիչները զրկվում են խմելու ջուր ստանալու հնարավորությունից: Գյուղում թեև կա երկու կարգավորիչ ջրամբար՝ յուրաքանչյուրը 100 խորանարդ մետր տարողությամբ, սակայն ոռոգման համակարգի բացակայության պատճառով, ամռան ամիսներին ոմանք ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով՝ գյուղի բնակիչների մեծ մասին զրկելով կենսական ջուր ստանալու հնարավորությունից, առաջացնելով նրանց արդարացի դժգոհությունը: Այս տարի իրավիճակն առավել սրված է, քանի որ համայնքի զգալի մասն ավելի քան երկու ամիս զրկված է եղել խմելու ջրից: Գյուղապետ Սուրիկ Տռուզյանը, սակայն, վստահ է, որ ջրի խնայողաբար օգտագործման և ջրաչափերի տեղադրման դեպքում ջրամբարների ջուրը կբավականացնի ողջ համայնքին՝ առավել ևս, որ ջրամատակարարման ներքին ցանցը բարվոք վիճակում է:
Խնդրին տեղում ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 9-ին Նոր Խաչակապ այցելեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը և Առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Մարզի ղեկավարը զրուցեց և՛ համայնքի ղեկավարի, և՛ բնակիչների հետ: Խորամուխ լինելով հարցի մեջ՝ նա հանձնարարեց 10-օրյա ժամկետում կազմել առաջարկությունների փաթեթ, որից հետո արդեն համապատասխան մասնագետների մասնակցությամբ հարցը կքննարկվի Լոռու մարզպետարանում՝ խնդրին առավել արդյունավետ լուծում տալու նպատակով:
Մարզի ղեկավարը մասնակցեց նաև Նոր Խաչակապի բուժկետի բացմանը: Բուժկետը վերանորոգվել է Սպիտակի բժշկական կենտրոնի միջոցներով, տրամադրվել է շուրջ 1 մլն դրամ: Աջակցություն է ցուցաբերել նաև Լոռու մարզպետարանը: Բուժկետը նաև համալրվել է նոր գույքով, առաջին անհրաժեշտության բուժպարագաներով: Մարզի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից: Ս. Լամբարյանը տեղեկացրեց, որ բուժկետի աշխատակիցն առաջիկայում կմասնակցի մասնագիտական վերապատրաստման դասընթացների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 17:49:28