Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 9-րդ միջազգային փառատոնը Լոռու մարզում

08.09.2014

Սեպտեմբերի 6-ին Վանաձորում մեկնարկեց «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 9-րդ միջազգային փառատոնը, որն անց է կացվում «ՅՈՒՆԻՄԱ - Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահի աշխատակազմի, մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի, Տիկնիկային արվեստի միջազգային միության հայկական կենտրոնի, «Գրանդ Քենդի» և «Սելենա սերվիզ» ընկերությունների աջակցությամբ։ Նախօրեին մասնակիցները եղան Դսեղում, ծաղիկներ դրեցին Հովհ. Թումանյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ լոռեցու հիշատակին։ Փառատոնի հանդիսավոր բացումը և բացօթյա տոնախմբությունը տեղի ունեցավ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում։
Բացման խոսք ասաց փառատոնի պատասխանատու, Տիկնիկային արվեստի միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը, շեշտելով, որ փառատոնի նպատակ է երեխաների մեջ սերմանել սեր արվեստի և մշակույթի, ձևավորել բարություն՝ մարդկանց, կենդանիների ու բնության նկատմամբ։
Այս տարի ևս փառատոնին ներկայացել էին թատերական գործիչներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքմենիայից, Իրանից և Ֆրանսիայից:
Ողջույնի և օրհնանքի խոսք ասաց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը։
Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ողջունեց և բարի երթ մաղթեց փառատոնի մասնակիցներին։
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ, արձակագիր Սեյրանուհի Գեղամյանը ևս կարևորեց նամանատիպ միջոցառումների կազմակերպումը հատկապես այնպիսի գեղատեսիլ վայրում, ինչպիսին Լոռին է:
Արձակագիր, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, շնորհավորելով փառատոնի մասնակիցներին, ասաց, որ տիկնիկները ուղեկցում են մարդկանց ամբողջ կյանքում, ուստի առանց նրանց կյանքն անիմաստ է դառնում։
Արտասահմանից ժամանած թատերախմբերի ներկայացուցիչներն իրենց երկրների պետական դրոշներով անցան բեմահարթակով: Ապա սկսվեց համերգային ծրագիրը։ Կատարումներով հանդես եկան «Հորովել» երգի-պարի համույթի մանկական դպրոց-ստուդիայի սաները, Շահումյան համայնքի «Մայրասար», «Անի», ինչպես նաև «Փայլող աստղեր» պարային համույթները և «Վասպուրիք» տիկնիկային թատրոն-ստուդիայի, Վանաձորի գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան պարային խմբակի սաները։
Հետաքրքիր հնարքներ ցուցադրեց կրկեսային թատրոնի արտիստ, աճպարար, կենդանիներ վարժեցնող Արա Պողոսյանը։
Փառատոնի բացման օրը Հովհ. Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի ներկայացմամբ Վանաձորի մանկատանը հանդես եկավ Արագածոտնի Բազմաբերդ համույթի տիկնիկային թատրոնը։ Իսկ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում ներկայացրեց «Հայի բախտը»՝ ըստ Հովհ. Թումանյանի։
Սեպտեմբերի 7-ին, 8-ին փառատոնի մասնակից թատերական խմբերը ներակայացումներով հանդես եկան մարզի մի շարք համայնքներում: Ներկայացումներ կլինեն նաև այսօր: Հանդիսավոր փակումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59