Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շահագրգիռ քննարկում բնապահպանական թեմայով

15.08.2014


 Պաշտոնական հիմնավորմամբ Ալավերդու պղնձաձուլական և Ախթալայի լեռնամետալուրգիական կոմբինատների գործունեության հետևանքով բնապահպանական վնասակար ազդեցության անմիջական կրողները Ալավերդի, Ախթալա քաղաքներն ու Օձուն, Աքորի, Հաղպատ գյուղերն են: Կառավարության որոշմամբ հենց այս բնակավայրերը տարիներ շարունակ պետական բյուջեից ստացել են սուբվենցիաներ ինչպես նաև պղնձարդյունաբերական ընկերությունների կողմից՝բնապահպանական նպատակային վճարներ:
Սակայն այս տարվա գարնանը Լոռու մարզպետին ուղղված գրությունում Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը իր մտահոգությունն էր արտահայտել «Էյ Սի Փի» ընկերության կողմից բնապահպանական վճարների տարեցտարի նվազման առիթով և մարզի ղեկավարից խնդրել ներազդել հարցի կարգավորմանը:Գործող օրենսդրությամբ, մասնավորապես «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով, շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց դրույքաչափերը սահմանվում են ամրակայված աղբյուրներից օդային ավազան արտանետված վնասակար նյութերի քանակին համապատասխան, որն ուղիղ համեմատական է արտադրանքի ծավալներին:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Էյ Սի Փի» ընկերության» արտադրության ծավալները ոչ միայն չեն նվազել, ընդհակառակն՝ ավելացել են, ինչպես նաև վնասակար արտանետումների ծավալը նվազեցնող որևէ տեխնիկական վերազինում չի իրականացվել, քաղաքապետն իր մտահոգությունն էր արտահայտել բնապահպանական վճարների ավելի քան չորս անգամ նվազեցման փաստի առիթով:Նման գործելակերպը, բնականաբար, սահմանափակում է բնակավայրերում հրատապ բնապահպանական ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Նույն դժգոհությունն առկա էր նաև վերոնշյալ մյուս համայնքներում: Լոռու մարզպետը խնդրո հարցով գրավոր դիմել էր ՀՀ ֆինանսների և բնապահպանության նախարարներին, որտեղից էլ ստացված գրություններով նրանք հավաստել էին, որ այդ ֆինանսական նպատակային հատկացումների չափը հիմնավորված է փորձագիտական հաշվարկներով և փոփոխման ենթակա չէ: Նախարարություններից ստացված պատասխանը, բնականաբար չի բավարարում համայնքներին, նրանք շարունակում են արտահայտել իրենց դժգոհությունը:
Օգոստոսի 14-ին Ալավերդու բնապահապանական «Օրհուս» կենտրոնի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանում հրավիրվել էր խնդրահարույց հարցին վերաբերող խորհրդակցություն: Հանդիպմանը հրավիրվել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Տոմաշ Դեմբսկին ու Գոհար Ղազինյանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող, փորձագետ Արամ Գաբրիելյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը, «Վալլեքս» խմբի ներկայացուցիչներ Թագուհի Կարապետյանն ու Վահրամ Ավագյանը, «Անահիտ» կանանց աջակցության հկ նախագահ Լարիսա Փարեմուզյանը, Լոռու մարզպետարանի պատասխանատու աշխատողներ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ողջունեց հանդիպման նախաձեռնությունը, հուսալով, որ շահագրգիռ քննարկումների արդյունքում, ի վերջո, խնդիրը օրինական ու արդարացի լուծում կստանա:
Օրակարգում նախատեսված հարցերի բուռն քննարկման ընթացքում իրենց խոսքն ասացին Արտավազդ Վարոսյանը, Արամ Գաբրիելյանը, Վահրամ Ավագյանը, Լոռու մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրճյանը, Արսեն Տիտանյանը, Լարիսա Փարեմուզյանը, ուրիշներ: Հակառակ մյուս բանախոսների, «Վալլեքս» խմբի ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը վստահ էր, որ սուբվենցիաների գումարների նվազումը օրինական է և պայմանավորված է իրենց կողմից վնասակար ազդեցությունների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ, մատնանշելով, մասնավորապես, մի քանի տարի առաջ Ալավերդում թանկարժեք ծխատարի գործարկումը: Նրան որոշակի փաստարկներով ու հաշվարկներով հակազդեց փորձագետ Արամ Գաբրիելյանը:
ԵԱՀԿ ներկայացուցիչ Տոմաշ Դեմբսկին իր հերթին դրվատեց նման քննարկումները, շեշտելով, որ բնապահպանական հարցերի լուծման գլխավոր սկզբունքը պետք է լինի ոչ թե այս կամ այն կողմին հարմար ու շահեկան փաստարկները, այլ հանրության առողջությանն ու սոցիալական բարօրությանը միտված գործելակերպը: Բնապահպանական ռիսկերի կանխման գործում նա կարևորեց նոր տեխնոլոգիաների կիրառումը : «Ալավերդու պղնձաձուլական գործարանը պետք է լիարժեք պատասխանատվություն կրի իր գործողությունների համար, իր բնապահպանական ազդեցության, այդ թվում` մինչ այդ իր գործունեությամբ պատճառված իրավիճակի համար: Սա է այն բանալին, որը պետք է կիրառի գործարանը, որպեսզի ունենա վարկանիշ»,- ասաց Տոմաշ Դեմբսկին:
Քննարկվեց նաև Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցի վերականգնման աշխատանքների խնդիրը: Ըստ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության հանձնաժողովի եզրակացության` գերեզմանոցի սեյսմիկ վտանգավորությունը բավականին բարձր է և մինչև 8 բալ երկրաշարժի դեպքում հնարավոր է գերեզմանոցի կառույցի փլզում: Ներկայումս էլ գերեզմանոցում հայտնաբերվել է մկնդեղի արտահոսքեր, որի կանխման համար անհրաժեշտ է ձեռնարկել պատնեշավորում և ջրահեռացում: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի տեղեկացմամբ՝ գերեզմանոցի վերականգնման աշխատանքները նախատեսված է իրականացնել 2015թվականին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59