Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն էր
15.08.2014
Օգոստոսի 14-ին Լոռու մարզպետարանում Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի բնակչության ընդունելության օր էր: Տարբեր հարցերով վաղօրոք հերթագրված 20 քաղաքացիներին ընդունեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Իրինա Գրիգորյանը:
Դարպաս գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր 88-ի երկրաշարժի հետևանքով բնակարան են կորցրել և ընդգրկվել են բնակարանով ապահովվելու իրավունք ունեցողների հերթացուցակում, իրենց դժգոհությունն արտահայտեցին «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպության նկատմամբ, որն, ըստ իրենց, անհիմն ձգձգում է իրենց բնակարանների կառուցումը:Քաղաքացիներին պարզաբանվեց, որ խնդիրը նաև մարզպետարանի ուշադրության կենտրոնում է և քաղաքաշինության նախարարության հետ պարզաբանումներից հետո հնարավորինս սեղմ ժամկետում կհստակեցվի Դարբաս համայնքի շահառուների բնակարանների կառուցման ժամկետը:
Բավարարվեց ֆինանսական աջակցության դիմում ներկայացրած 4 քաղաքացիների խնդրանքը:
Ընդունելության եկած մի քանի բնակիչներ դիմեցին բնակարանային պայմանների բարելավման, կարկտահարության հետևանքով տների վնասված տանիքների վերանորոգմանն օգնելու և այլ հարցերով, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: