Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

11.08.2014


Օգոստոսի 12-ը Լոռու մարզի խորհրդի օրն է աննախադեպ ծավալուն օրակարգով՝ 13 հարց, որի գերակշիռ մասում ելույթով հանդես կգան ՀՀ կառավարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու պատասախանատու մասնագետներ: Ահա թե ինչու նախօրեի աշխատանքային խորհրդակցության հենց սկզբում մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի վարչության ու բաժնի պետերին հանձնարարեց ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվել նիստին, ապահովել շահագրգիռ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
Ապա մարզպետը գյուղատնտեսության ու բնապահպանուոթյան վարչության պետ Գրիգոր Հակոբյանին խնդրեց ներկայացնել ոլորտում իրականացվող աշխատանքների իրավաիճակը: Բերքահավաքն ընթացքի մեջ է և ըստ վարչության պետի, ընդհանուր առմամբ սպասելիքները կարդարացվեն ինչպես հացահատիկի, այնպես էլ բանջարանա-բոստանային մշակաբույսերի արտադրության գծով:Չնայած կարկտահարության պատճառած հսկայածավալ վնասներին, այնուհանդերձ կառավարության ու մարզպետարանի օպերատիվ միջամտության ու աջակցության շնորհիվ հաջողվել է էականորեն վերականգնել վնասված ցանքադաշտերը և ապահովել հեկտարից ցորենի 30-35 ցենտներ և 29-ից 32 ցենտներ գարու բերք: Նախորդ տարվա համեմատությամբ նույնիսկ 8-10 տոկոս աճի սպասելիքներ կան:
Անցած տարվա նկատմամբ գրեթե նույնչափ աճ կարելի է ապահովել նաև անասնակերի կուտակման գործում: Վարչության պետը նաև զեկուցեց, որ բավարար է նաև դիզելային վառելիքի, պարարտանյութի ու սերմացուի բաշխման ընթացքը, անցած տարվա համեմատությամբ ավելացել է պետության կողմից ֆերմերներին տրվող մատչելի գնով դիզվառելանյութի և պարարտանյութերի քանակն ու տեսականին:
Իր ելույթում քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ևս որևէ խոչընդոտ չի տեսնում 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներում, ամեն գործ հսկողության տակ է, կառուցապատման ժամկետների ու ֆինանսավորման շեղումներ չկան:
Մարզի ղեկավարին մտահոգողը, թերևս սեփական եկամուտների հավաքագրման գործում առկա թերացումներն էին: Ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի ներկայացրած սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներից առանձնապես անհանգստացնում է հողի հարկի գանձման իրավիճակը (նախորդ տարվա համեմատությամբ ընդամենը 13.3 տոկոս, պլանայինի նկատմամբ՝ 16 տոկոս), թեև մյուս հարկատեսակների գծով էլ մարզը զիջում է նախորդ տարվա ցուցանիշները: Մարզպետը փոխմարզպետներին ու համապատասխան ստորաբաժանումների պետերին հերթական անգամ հանձնարարեց աշխատել շտկել բացթողումները:
Խորհրդակցությունում խոսք գնաց նաև առաջիկա ուսւմնական տարվա նախապատրաստության հետ կապված և այլ օրախնդիր հարցերի շուրջ, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59