Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

04.08.2014

Օգոստոսի 4-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները: Ըստ նրա, հուլիս ամսին հավաքագրվել է 136 մլն դրամ սեփական եկամուտ, 47 մլն դրամ գույքահարկ և 25 մլն՝ հողի հարկ: Եթե սեփական եկամուտների ու գույքահարկի գծով 7 ամսվա կտրվածքով նախորդ տարվա համեմատ հավաքագրման աճ է արձանագրվել, ապա հողի հարկի գծով նախորդ տարվա նկատմամբ մարզում պակաս է հավաքագրվել 20 մլն դրամ, պլանի նկատմամբ՝ 27 մլն դրամ: Մարզի ղեկավարը փոխմարզպետներին, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարեց առաջիկա ամիսներին լուրջ աշխատանքներ տանել իրավիճակը շտկելու համար:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում նախատեսված շինաշխատանքները 90 տոկոսով ավարտական փուլում են: Նա վստահեցրեց, որ մարզպետի պահանջով լուրջ ուշադրություն է դարձվում աշխատանքների որակին:
Մարզում, բացառությամբ Տաշիրի, սկսվել է բերքահավաքը: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի տեղեկացմամբ՝ 11 հազար 245 հա հացահատիկի ցանքատարածություններից հնձվել է 5700-ը: Նախնական տվյալներով 1 հա-ից ցորենի միջին բերքատվությունը կազմել է 30-35 ց, գարունը՝ 1 հա-ից՝ 28 ց: Որոշ համայնքներում սկսվել է նաև կարտոֆիլի բերքահավաքը: 4017 հա կարտոֆիլի ցանքատարածություններից բերքահավաք է կատարվել 110 հա-ից: Նախնական տվյալներով 1 հա միջին բերքատվությունը կազմել է 270-300 ցենտներ:
Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄՏՍԳ համակարգման բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը ներկայացրեց օգոստոսի 3-ին Անտառաշեն համայնքում անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ 81 կողմ, 12 դեմ արդյունքներով համայնքի ղեկավար է ընտրվել Ռաֆիկ Խառատյանը: Նրա տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ, 185 ընտրողներից, քվեարկությանը մասնակցել են 97-ը, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Մարզի ղեկավարը շնորհավորեց համայնքի նորընտիր ղեկավարին՝ հույս հայտնելով, որ նա ամենայն պատասխանատվությամբ կլծվի աշխատանքի: Ա. Նալբանդյանը հանձնարարեց Վ. Հովհաննիսյանին նախնական շրջանում աջակցել համայնքի ղեկավարին, ծանոթացնել գործառույթներին:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց ոստիկանությունում հաշվառված մուրացիկ, թափառաշրջիկ, հանցագործություն կատարած և պարտուսից դուրս մնացած երեխաների խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ առաջին եռամսյակի համեմատությամբ ոստիկանությունում հաշվառված երեխաների թիվն աճել է 7-ով՝ դառնալով 34: Թիվը նվազեցնելու նպատակով ոստիկանության հետ համագործակցությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում: Բաժնի պետի վստահեցմամբ՝ պարտուսից դուրս մնացած երեխաների ուղությամբ տարվող աշխատանքները ինտենսիվ կերպով ընթանում են, և շուտով արդյունքները տեսանելի կլինեն: Մարզի ղեկավարը կարևորեց կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ դեպքերը կանխելու նպատակով, ինչպես նաև մարզպետարան, ոստիկանություն, համայնք, կրթական հաստատություններ և առողջապահական հիմնարկներ համագործակցությունը՝ ցանկալի արդյունքների հասնելու համար:
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59