Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

21.07.2014

Հուլիսի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Նա շնորհավորեց Սպարտակ Ղուբաթյանին՝ Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության նորաստեղծ բաժնի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ բաժնի ստեղծմամբ մարզային զորահավաքը պատշաճ կերպով կազմակերպելուն ուղղված աշխատանքներն առավել ինտենսիվ և արդյունավետ կընթանան և կարճ ժամանակ անց արդյունքներն առավել տեսանելի կլինեն:
Մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ սկսվել է Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջի մոնիտորինգը: Կայքէջի գնահատման արդյունքը համարելով մարզպետարանի թափանցիկ աշխատաոճի գրավական՝ Ա. Նալբանդյանը վարչություններից, բաժիններից պահանջեց անհրաժեշտ տեղեկատվութունը օպերատիվ կերպով տրամադրել զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնին՝ կայքում տեղադրելու համար:
Հ. Մկրտչյանը ներկայացրեց նաև Մարզի զարգացման ծրագրի (ՄԶԾ) կարիքների գնահատման կիսամյակային արդյունքները: Ըստ այդմ, 2014թ. համար ՄԶԾ-ով կարիքների գնահատման արդյունքում նախատեսված է եղել իրականացնել 45 մլրդ. 79 մլն. դրամի ծրագրեր, որից Տարեկան աշխատանքային պլանով(ՏԱՊ) տարեսկզբին պլանավորվել է իրականացնել 41 մլրդ. 491 մլն. դրամի ծրագրեր: Հրատապ ծրագրերի իրականացման արդյունքում ՏԱՊ-ի վերահաշվարկ է կատարվել՝ դառնալով 42 մլրդ. 344 մլն. դրամ: Այդ գումարից 6 մլրդ. 430 մլն. դրամ արժողությամբ ծրագրեր նախատեսված է իրականացնել պետական միջոցներով և 34 մլրդ 131 մլն՝ մասնավոր, մնացածը՝ համայնքային, միջազգային կառույցների և այլ աղբյուրների ներդրումների հաշվին: Կիսամյակի արդյունքներով իրականացվել են 22 մլրդ 367 մլն. դրամ արժողությամբ ծրագրեր (52,82 տոկոս), որից 19 մլրդ. 955 մլն. կազմում են մասնավոր ներդրումները:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի վերաբերյալ Արդարադատության նախարարության պարզաբանումը, ըստ որի, հողամասից կամովին հրաժարվելու մասին ՀՀ քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումի ներկայացման դեպքում՝ այդ հողամասի նկատմամբ նրա իրավունքները դադարեցվում են 15-օրյա ժամկետում: Այդուհետ այլևս հարկ չի հաշվարկվում, սակայն նախորդ ամիսների համար կուտակված պարտքը համայնքի ղեկավարը պարտավոր է գանձել դատական կարգով: Ինչ վերաբերում է այդ հողամասերին, ապա դրանք, ըստ մարզպետարանի Հողաշինության բաժնի պետ Արտակ Օհանյանի, արագ կերպով, կադաստրային համապատասխան ձևակերպումներից հետո դառնում են համայնքային սեփականության հողատարածքներ:
Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց նաև հարկերի հավաքագրման ցուցանիշները: Ըստ նրա, հուլիսի 18-ի դրությամբ հավաքագրվել է 69 մլն 300 դրամ սեփական եկամուտ, որը կազմում է նախորդ տարվա 86 և պլանի՝ 50,7 տոկոսը, 28 մլն դրամ գույքահարկ. կազմում է նախորդ տարվա՝ 71 և պանի ՝58 տոկոսը, 11 մլն 800 հողի հարկ՝ նախորդ տարվա՝ 40 և պլանի՝ 33 տոկոսը: Մարզի ղեկավարը փոխմարզպետներին, ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարեց առանձին-առանձին աշխատել թերացող համայնքների և պարտքեր կուտակած բնակիչների հետ:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում նախատեսված շինաշխատանքները հիմնականում սկսված են: Որոշ աշխատանքներ արդեն իսկ ավարտվել են, մյուսներն ընթացքի մեջ են: Կատարողականը կազմել է 32 տոկոս, իսկ ֆինանսավորումը, ըստ Ա. Ջանազյանի, իրականացվում է պատշաճ կերպով: Ա. Ջանազյանը ներկայացրեց հրատապ ծրագրի շրջանակներում մարզի 10 համայնքում հակակարկտային կայանների տեղադրման ընթացքը: Նա նշեց, որ մարզպետարանի հողաշինության բաժնի, ԱԻՆ համապատասխան մասնագետի հետ համագործակցությամբ առավել արդյունավետություն ապահովելու նպատակով կայաններ արդեն իսկ տեղադրվել են Օձուն, Այգեհատ, Ծաթեր, Արևածագ, Կարմիր Աղեգի համայնքներում, որոնք փորձարկվել են: Մղարթ Կողես, Լեջան, Ամրակից և Կուրթան համայնքներում կայաններ կտեղադրվեն առաջիկայում: Հիշեցնենք, որ այս տարի ևս 5 կայան մարզում տեղադրվել է Գյուղնախարարության կողմից:
Ա. Նալբանդյանը նշեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մի խումբ սիրիահայ երեխաներ մարզպետարանի և «Մանես» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնելու Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: Փոխմարզպետ Տիգրան Բադոյանը տեղեկացրեց, որ սիրիահայ 22 երեխաներ մարզ կժամանեն այսօր և իրենց ամառային հանգիստը «Ծիծեռնակում» անց կկացնեն մինչև հուլիսի 28-ը:
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59