Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Ալավերդի քաղաքի օրը, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը

21.07.2014

Արդեն վեցերորդ տարին է, ինչ հուլիս ամսին Ալավերդում համատեղ նշվում է քաղաքի տոնը, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը։ Եռատոնի միջոցառումների շարքն այս տարի մեկնարկել է հուլիսի 12-ից, որին մասնակից են դարձել քաղաքի մշակութային օջախները, նախակրթարանները , համերգային համույթներ:
Գլխավոր միջոցառումներն ու հանդիսավոր տոնախմբությունն անցկացվեցին հուլիսի 20-ին:
ՀՀ ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ, երջանկահիշատակ Հենրիկ Մամյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը հյուրերին ներկայացրեց նկարչի աշխատանքները։ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը ներկաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ։
Հանդիսավորությամբ բացվեց Ալավերդու Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցի վերանորոգված շենքը: Գեղարվեստի դպրոցը հիմնանորոգվել է «Քաունթարփարթ ինթերնեյշնլի», «Մանես» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ։ Բացմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Ալավերդու քաղաքապետը և «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները։
Արթուր Նալբանդյանը շնորհավորեց ներկաներին՝ տոների, իսկ դպրոցի կոլեկտիվին՝ նաև վերանորոգված մասնաշենքում այսուհետ գործելու կապակցությամբ։Գեղարվեստի նորաբաց դպրոցում Ալավերդու զարգացման հեռանկարների ու իրականացված ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ ներկայացվեց:
Օրվա երկրորդ կեսին Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում կազմակերպվել էր ուրախ տոնախմբություն, հանդիսավոր շքերթ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ մարզի ղեկավարը: Նա «Թումանյանական աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Արարատ Թամրազյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալը»՝ շնորհավորելով նրան 70-ամյա տարելիցի առթիվ: Նշվեց, նաև որ Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ խմբագրին շնորհվել է «Ալավերդու պատվավոր քաղաքացի» կոչում:

Ա. Նալբանդյանը քաղաքի օրվա, Մետալուրգի և հանքագործի մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորագրեր հանձնեց Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի ուսուցիչ Արտակ Մակիչյանին և «Էյ-Սի-Փի» ՓԲԸ կոնվերտերային բաժանմունքի կոնվերտեր Արայիկ Մոսինյանին, մի շարք նվիրյալների՝ առողջարանի ուղեգրեր։
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը ևս շնորհավորական խոսք ասաց ներկաներին և պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց մի շարք աշխատակիցների։ Տարբեր բնագավառների մի խումբ աշխատակիցների պատվոգրեր հանձնեց նաև քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը՝ ջերմ շնորհավորանքներ հղելով տոնի կապակցությամբ:
Իր օրհնության խոսքն ասաց Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեվոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը։
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան մի խումբ մեներգիչներ և պարային համույթներ։
Տոնախմբությունն ավարտվեց շքեղ հրավառությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59