Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում անհայտ կորած զինվորների ծնողների հետ

17.07.2014

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ ստեղծվել է հատուկ խումբ Շիրակի և Լոռու մարզերի անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին այցելելու, նրանց հուզող հարցերին ծանոթանալու և հնարավորին չափով օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ Խմբի ղեկավարն է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության և պետական մարմինների հետ համագործակցության ավագ սպա, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամ փոխգնդապետ Սամվել Ասատրյանը։ Խմբի անդամներն են «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հկ-ի նախագահ, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի սպա, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամ, կապիտան Արմեն Խաչատրյանը։
Այսօր Լոռու մարզի 15 անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ հանդիպում էր կազմակերպվել Վանաձորի միացյալ զինկոմիսարիատում, որին, խմբի ղեկավարից և անդամներից բացի, մասնակցում էին նաև Վանաձորի զինկոմ, գնդապետ Արմեն Թումանյանը, տեղակալ, սպաների հաշվառման պատասխանատու, մայոր Տիգրան Բաղոյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը։ Հանդիպումը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի և Վանաձորի զինկոմիսարիատի աջակցությամբ։
Ս. Ասատրյանը ներկայացրեց հանդիպման նպատակը՝ հավաստիացնելով, որ պետական մակարդակով սոցիալական, ֆինանսական, առողջապահական և այլ բնույթի աջակցություն կցուցաբերվի արցախյան պատերազմում և հետագա տարիներին անհայտ կորած ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներին։ Անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու ընտանիքի անդամները գրավոր ներկայացրին իրենց խնդիրները, որոնք տարաբնույթ էին՝ աշխատանքի տեղավորման, առողջական և սոցիալական ու իրավական ուղղվածության։ Վերջիններս կներկայացվեն համապատասխան կառույցներին և հնարավորինս լուծում կտրվի անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների խնդիրներին։ Ս. Ասատրյանը հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ՝ անհայտ կորածներին ետ վերադարձնելու համար։ Հանդիպումից հետո անհայտ կորած ազատամարտիկների հարազատները, բժշկական հետազոտության ենթարկվեցին։ Առողջական խնդիրներ ունեցողները բուժօգնություն կստանան պետական աջակցությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:17:13