Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը Թումանյանի տարածաշրջանում էր
11.07.2014
Ինչպես հայտնի է, մարզերում հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով պետական միջոցներով իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում Լոռու մարզում առաջին փուլով կիրականացվի 663 մլն դրամի շինաշխատանք: Հատկացված գումարը հիմնականում կօգտագործվի պետական, համայնքային նշանակության ճանապարհների, կամուրջների հիմնանորոգման և կրթական հաստատությունների վերանորոգման ու ջեռուցման համակարգերի տեղադրման նպատակով:
Հուլիսի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ եղավ Ալավերդի քաղաքում՝ ծանոթանալու 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում այստեղ կատարվող աշխատանքներին: Քաղաքի փողոցների ասֆալտապատման և նորոգման նպատակով հատկացվել է ավելի քան 60 մլն դրամ: Աշխատանքների եռուն շրջան է: Ասֆալտապատումը նախատեսում են ավարտել մինչև ամառվա վերջ: Մարզի ղեկավարը պահանջեց խստորեն հետևել աշխատանքների որակին:
Ա. Նալբանդյանն այցելեց նաև Ալավերդու թիվ 12 և թիվ 1 դպրոցներ, որտեղ ծրագրի շրջանակներում վերանորոգվում են տանիքները՝ համապատասխանաբար 7 մլն և 13 մլն դրամի շրջանակներում:
Նույն օրը մարզի ղեկավարը մասնակցեց Ախթալայի Սվինեց թաղամասի մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը: Մանկապարտեզը հիմնանորոգվել է Կրթության և գիտության նախարարության ԾԻԳ-ի միջոցներով: Այդ նպատակով հատկացվել է 4,5 մլն դրամ, իսկ գույքի ձեռք բերման համար՝ ևս 1,5 մլն: Համայնքը նույնպես իր ներդրումն է ունեցել գեղեցիկ ու բարեկարգ նախակրթարան ունենալու համար: Համայնքային բյուջեից նախադպրոցական կրթական հաստատության տանիքի նորոգման նպատակով հատկացվել է 3,3 մլն դրամ: Մանկապարտեզ կհաճախի ավելի քան 90 երեխա: