Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկվել է նաև Վանաձորում
11.07.2014
ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանն այսօր Վանաձոր քաղաքում ներկայացրել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային դրույթները:
Քննարկմանը մասնակցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, մարզպետարանի աշխատակիցներ, գյուղապետեր, լրագրողներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Բացման խոսքով հանդես է եկել Լոռու մարզպետը՝ կարևորելով նմանատիպ հանդիպումների կազմակերպումը:
Գագիկ Հարությունյանն անդրադարձել է Հանձնաժողովի նպատակներին և գործունեությանը` նշելով, որ այն ապաքաղաքական է, զուտ մասնագիտական բնույթ ունի, որի խնդիրն է բացահայտել ստեղծված իրավիճակը և մասնագիտական լուծումներ առաջարկել առկա հարցերին՝ հաշվի առնելով միջազգային փորձը:
Որպես օրինակ՝ նա նշել է այլ երկրների փորձը, որոնք ժամանակին ընտրել էին մոդելային Սահմանադրությունը, ինչի արդյունքում սոցիալական իրականության հետ բախվող խնդիրներ էին առաջացել:
«Նույնը տեղի ունեցավ նաև մեր երկրում: Առաջին Սահմանադրության ընդունման ժամանակ շեշտը դրվեց պետական իշխանության կայացման վրա: Բայց այստեղ հարց առաջացավ՝ ուր մնաց մարդը: Սահմանադրականության հիմնական չափանիշը հենց մարդը պետք է լինի: Պետք է վերաշարադրել սահմանադրական մեթոդաբանությունը՝ կարևորելով ոչ թե օրենքի գերակայության սկզբունքը, այլ՝ իրավունքի: Երբ մենք կիրառենք այս մեթոդաբանությունը, ապա կունենանք մարդակենտրոն Սահմանադրություն»,- հավելել է Հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով՝ կա հրատապ խնդիր, որը հասունացել է, և որին անհրաժեշտ է բավարար ուշադրություն դարձնել:
Գագիկ Հարությունյանի համոզմամբ, եթե մեր գործունեությունը սկսվի անիրավական քայլերով, ապա իրավական պետություն կառուցել չենք կարողանա: «Մեր երկրում քաղաքական գործընթացի սահմանադրական լուծումները տրված չեն, որը լրջագույն խնդիրներ է առաջացնում: Մեր մշակած լուծումների մեթոդաբանությունում դեռևս կան բացեր, որոնց պատասխանները ստանալու համար էլ կազմակերպվում են հանդիպումներ շահագրգիռ տարբեր կողմերի հետ»,- ասել է Հանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ գերագույն խնդիրը սահմանադրաիրավական այնպիսի համակարգի ստեղծումն է, որի արդյունքում լուծում կստանան բոլոր խնդիրները:
Գագիկ Ղազինյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հանրային իրավական պատասխանատվության մեխանիզմի վրա` նշելով, որ դժգոհություններ են լինում, երբ պաշտոնյան, ով ազատվում է աշխատանքից, երբեք հանդես չի գալիս պարզաբանմամբ` կարևորելով նաև խոսքի ու գործի համապատասխանության հարաբերակցությունը: Նա ընդգծել է նաև հասարակական հարաբերությունների զարգացման դինամիկային համահունչ փոփոխությունների անհրաժեշտությունը, զուգահեռներ անցկացրել զարգացած երկրներում իրավակիրառ պրակտիկայի հետ` նշելով, որ այդ երկրներում շատ բաներ պետք չէ գրել, քանի որ այնտեղ կա ձևավորված բարձր իրավական մշակույթ, իսկ Հայաստանում շատ բաներ պետք է օրենքով ամրագրել` հաշվի առնելով մեր իրավական մշակույթի առանձնահատկությունները:
Հարցուպատասխանի ժամանակ ներկաներն անդրադարձել են հանրային իրավական պատասխանատվության մեխանիզմներին, կառավարման ձևին, քաղաքացիական հասարակության զարգացմանը խոչընդոտող երևույթներին:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի