Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում
10.07.2014
Հուլիսի 10-ին Լոռու մարզպետի ընդունելությանը հերթագրվել էր 14 քաղաքացի: Ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի, առողջապահության և սոցիալական ապահովության, ֆինանսատնտեսական, քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների, հողաշինության և հողօգտագործման բաժնի ղեկավարներ, մարզպետի խորհրդականն ու օգնականները:
Ա. Նալբանդյանը մեկ առ մեկ ունկնդրեց ընդունելության եկածներին, խորամուխ եղավ քաղաքացիների խնդիրներին:
Միանշանակ բավարարվեցին ֆինանսական աջակցության խնդրանքով դիմած այն քաղաքացիների դիմումները, ովքեր սոցիալապես անապահով են:
Մանկուց հաշմանդամ որդուն առողջարանի ուղեգիր հատկացնելու խնդրանքով դիմող Գուգարք համայնքի բնակիչ Մարտուն Խաչատրյանին մարզպետն առաջարկեց համապատասխան բժշկակական փաստաթղթով ներկայանալ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին, իսկ Ռուսաստանի Դաշնությունում տնտեսագիտական բարձրագույն կրթություն ստացած, աշխատանք փնտրող վանաձորցի Արթուր Սարգսյանին օգնելու հարցով Ա. Նալբանդյանը խոստացավ խոսել Վանաձորի երկաթուղային հանգույցի պետ Ռաֆայել Սեխլեյանի հետ: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած մեկ-երկու այլ քաղաքացիների մարզպետը համապատասխան ուղղորդում տվեց:
Որպես կանոն, մարզպետի մոտ ընդունելության եկած որոշ քաղաքացիներ, չտարբերակելով համայնքային իրավասության հարցերը, տեղի ղեկավարներին դիմելու փոխարեն, ուղղակիորեն դիմում են մարզի ղեկավարին: Զուտ համայնքին վերապահված հարցերով, օրինակ՝ բնակտարածության բարելավման, տեղական տուրքերի գանձման, ժամանակավոր կացարանով ապահովման և այլ հարցերով ընդունելության եկած քաղաքացիներին, մարզպետը խորհուրդ տվեց գործող օրենսդրությանը համապատասխան՝ նախ դիմել իրենց համայնքների ղեկավարներին կամ իրավասու պաշտոնյաներին: