Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խուճապի ոչ մի շարժառիթ չկա
06.07.2014

Հուլիսի 6-ին և 7-ին հանրապետության հյուսիսային գոտում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները որոշակի խուճապ և անհանգստություն էին առաջացրել հատկապես Լոռու մարզկենտրոնում և Սպիտակի տարածաշրջանի բնակավայրերում: Իրադրությունն առավել լարվեց, երբ մասնավոր խոսակցություններում և, առավելապես՝ համացանցի ֆեսբուքյան էջերում, տեղ գտան հորինված ասեկոսեներ՝ ժամը 11-13-ն ընկած ժամանակահատվածում սպասվելիք նոր, հզոր ցնցումների հավանականության մասին:
Լոռու մարզպետարանը, հիմք ընդունելով ԱԻՆ պաշտոնական տեսակետը, մարզպետարանի էլեկտրոնային կայքէջում անմիջապես տարածեց հրատապ հաղորդագրություն՝ հերքելով սպասվելիք արհավիրքի վերաբերյալ տարածված խոսակցությունները:
Իրավիճակի մասին Լոռու մարզի ազգաբնակչությանը պարզաբանումներ տալու նպատակով, նույն օրը մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ մարզի և Վանաձորի պատասխանատու աշխատողների և լրագրողների հանդիպումը Երևանից ժամանած ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի, նախարարության սեյսմիկ ծառայության պատասխանատուներ Հրաչյա Պետրոսյանի և Սերգեյ Նազարեթյանի հետ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հակիրճ ներկայացրեց երկրաշարժերի հետևանքով մարզում ստեղծված հոգեբանական իրավիճակին :
ԱԻՆ նախարարը տեղեկացրեց, որ իրենք Վանաձոր են ժամանել վարչապետի հանձնարարությամբ, սկզբից ևեթ հայտարարելով, որ տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակը որևէ տագնապի հիմք չի տալիս և խուճապի մատնվելու ոչ մի առիթ չկա:
ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հր. Պետրոսյանն ու տնօրենի խորհրդական պրոֆեսոր Ս. Նազարեթյանն իրենց հերթին նշեցին, որ ուժեղ երկրաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու, առավել ևս խուճապի մատնվելու հիմքեր չկան: Գործակալությունը ՀՀ տարածքում իրականացնում է սեյսմիկ ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգումը, հնարավոր երկրաշարժերի կանխատեսման համակարգերի կառավարման ապահովումը։Նրանք հորդորեցին հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:
Նախարարության մասնագետները մեկ անգամ ևս հավաստեցին, որ քանի որ 88-ի աղետից հետո երկրաշարժի օջախում դեռևս ակտիվությունը չի մարել, այսպիսի թույլ ցնցումները բնորոշ են հետերկրաշարժյան գործընթացներին: Ըստ նրանց, ընթանում է սեյսմիկ իրավիճակի մարման պրոցես, որը հնարավոր է շարունակվի մի քանի տասնամյակ:
ԱԻՆ նախարարը և նախարարության մասնագետները պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին: