Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ծանոթացավ 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում Ստեփանավանի տարածաշրջանում իրականացվող աշխատանքներին
04.07.2014

Մարզերում հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով պետական միջոցներով իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում Լոռու մարզում առաջին փուլով կիրականացվեն 663 մլն դրամի շինաշխատանքներ: Հատկացված գումարը հիմնականում կօգտագործվի պետական, համայնքային նշանակության ճանապարհների, կամուրջների հիմնանորոգման և կրթական հաստատությունների վերանորոգման ու ջեռուցման համակարգերի տեղադրման նպատակով:
Հուլիսի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ եղավ Ստեփանավանի տարածաշրջանում՝ ծանոթանալու 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Մինչ տարածաշրջան մեկնելը՝ մարզպետը եղավ Վանաձորից դեպի Բազում գյուղ տանող ճանապարհահատվածում, որտեղ նորոգման և ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում (հատկացվել է ավելի քան 8 մլն դրամ): Ծրագիրն ավարտական փուլում է:
Ա. Նալբանդյանը եղավ Գյուլագարակ և Հոբարձի համայնքներում, որտեղ նույնպես համայնքային նշանակության ճանապարհահատվածների նորոգման և ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում՝ համապատասխանաբար՝ 26 մլն և 20 մլն դրամի շրջանականերում: Այս ծրագրերը նույնպես ավարտական փուլում են: Գրեթե ավարտված էր նաև դեպի Ստեփանավանի բժշկական կենտրոն տանող ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Ընդհանուր առմամբ Ստեփանավանի ներհամայնքային ճանապարհների նորոգման համար 5-դ հրատապ ծրագրի շրջանակներում հատկացվել է 87 մլն 400 հազար դրամ: Մարզի ղեկավարն հիմնականում իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների ընթացքից՝ կարևորելով հատկապես որակը: Մարզպետն այցելեց նաև Ստեփանավանի բժշկական կենտրոն: Բուժհաստատության տնօրեն Ռոբերտ Կոծինյանը տեղեկացրեց, որ հաստատությունը նորոգման կարիք ունի՝ առաջնահերթ համարելով հատկապես տանիքի վերանորոգումը: Ա. Նալբանդյանը խոստացավ առաջիկայում լուծել տանիքի նորոգման հարցը, հետագայում նաև կենտրոնի՝ վերանորոգման:
Ստեփանավանում մեկ այլ ծրագիր ևս իրականացվում է. թիվ 1 դպրոցում տեղադրվում է ջեռուցման համակարգ: Աշխատանքները ակավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Մարզի ղեկավարը շրջեց դպրոցում՝ դիտելով աշխատանքների ընթացքը: Նա կարևորեց նաև կատարված աշխատանքների հետագա պահպանությունն ու պատշաճ տնօրինումը:
Ա. Ջանազյանի հավաստմամբ, 5-րդ հրատապի առաջին փուլով նախատեսված բոլոր աշխատանքները կավարտվեն մինչև ամառվա վերջ՝ բացառությամբ Արևաշող համայնքի դպրոցի, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում (30մլն 900 հազար դրամ): Այսուամենայնիվ, դասապրոցեսը չի խաթարվի, քանի որ աշխատանքները կկազմակերպվեն մասնաշենք առ մասնաշենք: