Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բուժաշխատողների մասնագիտական տոնը նշվեց առանձնակի հանդիսավորությամբ

23.06.2014

Հունիսի 20-ին բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի, համայնքապետարանների, մարզի առողջապահական հիմնարկների աշխատակիցներ, մտավորականներ:
-Անձնական խոնարհում, հարգանք ու սեր ենք տածում իրենց գործի նվիրյալ բուժաշխատողների նկատմամբ: Անտարբերությունը դատապարտելի ու աններելի է ձեր մասնագիտության համար: Բժիշկը բարոյականության և խղճի խորհրդանիշն է: Աստծուց հետո այն երկրային էակն է, ում ապավինում ենք մեր ծննդյան առաջին իսկ պահից, - մարզի բուժաշխատողներին հղած իր օրհնության խոսքում ասաց տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Իր շնորհավորանքի խոսքում Ա. Նալբանդյանը մասնավորապես ասաց.
- Օրն ավելի տոնական է դառնում այն իրողությամբ, որ անցած մեկ տարում մարզի առողջապահության ոլորտում աննախադեպ բարեփոխումներ արձանագրվեցին: Մեծ գոհունակությամբ եմ նշում նաև, որ առողջապահության հիմնարկների շենքային պայմանների և տեխնիկական միջոցների բարելավման գործընթացը շարունակվում է, և մենք, ձեզ հետ միասին, առաջիկայում ևս բազմաթիվ առիթներ կունենանք ոլորտի նոր բարեփոխումների առթիվ միմյանց շնորհավորելու համար: Միաժամանակ, ուզում եմ ասել, որ հնարավորությունների որակական աճը ինքնին ենթադրում է բուժական գործի նոր, բարձր որակ, և մեր պահանջներն այդ ուղղությամբ լինելու են ավելի հետևողական, ավելի առարկայական ու հասցեական: Դուք արդեն համոզվել եք, - նշեց մարզի ղեկավարը,- որ պարտքի և պատասխանատվության զգացմամբ, ջանադիր աշխատող մասնագետների նվիրումն աննկատ չի մնում: Նրանք, ըստ արժանվույն գնահատվում են և՛ հանրության և՛ իշխանությունների կողմից: Աննկատ չեն մնում նաև դեռևս արմատախիլ չարված առանձին երևույթներ և դրանց հեղինակները, որոնց նկատմամբ առաջին հերթին անհաշտվողական պիտի լինեք դուք, քանզի բացասական երևույթները հեղինակազրկում են ձե՛ր համակարգը, ստվեր գցում ազնիվ աշխատողների վաստակի վրա:
Կուզենայի, որ մեզնից յուրաքանչյուրը հստակ գիտակցի, որ ինքը և ամեն մեկս մեր տեղում, մշտական պարտք և պատասխանատվություն ունենք մեր ազգաբնակչության առողջապահական անվտանգությունն ապահովելու գործում,-ասաց նա:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանն իր խոսքում անդրադարձավ վերջին մեկ տարվա ընթացքում առողջապահության ոլորտում կատարված աշխատանքներին, արձանագրված ձեռքբերումներին: Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ առողջապահության նախարարի կողմից պատվոգրերի էին արժանացել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ փոխտնօրեն Արտակ Եդոյանը, ավագ բժիշկ Գայանե Գասպարյանը, բժիշկներ Իվան Շիրվանյանը և Արթուր Սիմոնյանը, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Լյուդմիլա Մկրտումյանը, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Ազարյանը:
Ավանդույթի համաձայն Լոռու մարզպետի կողմից պարգևատրվեցին մի շարք անվանակարգերում լավագույնը ճանաչված բուժաշխատողները:
2014թ. «Ստացիոնարի լավագույն բժիշկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Արամ Ավալյանը, «Պոլիկլինիկական լավագույն բժիշկ»՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի բժիշկ՝ Ռոզա Մաճկալյանը, «Գյուղական ամբուլատորիայի լավագույն բժիշկ»՝ «Արևաշողի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Աստղիկ Սահակյանը, «Ստացիոնարի լավագույն բուժքույր»՝ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժքույր Անահիտ Սարգսյանը, «Պոլիկլինիկական լավագույն բուժքույր»՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր Աստղիկ Բալայանը, «Առողջության բնագավառում մեծ ներդրում ունեցող բժիշկ»՝ «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ի տնօրեն Գայանե Քալանթարյանը:
Մի շարք բուժաշխատողներ պարգևատրվեցին մարզպետի շնորհավորագրերով:
Բուժաշխատողներին մասնագիտական օրվա առթիվ շնորհավորեց նաևՎանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ մարզկենտրոնի առողջապահական համակարգի մի խումբ նվիրյալների պարգևատրելով շնորհավորագրերով: Մի խումբ բուժաշխատողների շորհավորագրեր և նվերներ հանձնեց նաև Լոռու մարզի առողջապահության արհեստակցական միության նախագահ Լաուրա Հակոբյանը:
Արդեն ձևավորված ավանդույթով բուժաշխատողներին ողջունեց նաև երգիծաբան Սամվել Խալաթյանը՝ լիաթոք ծիծաղ պարգևելով ներկաներին:
Բուժաշխատողներին իրենց երաժշտական ողջույնները հղեցին «Հորովել» երգի, պարի համույթը, պատանի դուդուկահար Վահան Սոֆյանը, «Սլավյանսկի բազար» երաժշտական մրցույթի հատուկ մրցանակակիր, ստեփանավանցի պատանի երգիչ Նարեկ Սահակյանը, երգչուհի Հերքինազ Բաղդասարյանը, Տարոն Դանիելյանը, Գրիշա Հարությունյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59