Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարտադիր ուսուցմանը՝ պարտադիր հոգածություն

17.06.2014

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, երեխաների հիմնահարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների և ՀՀ իրավասու մարմինների կողմից պարտուսից դուրս մնացած դեռահասների վերաբերյալ վերջին մեկ-երկու տարում անցկացրած համատեղ ուսումնասիրությունը լուրջ անհանգստություն առաջացրեց հանրապետության գրեթե բոլոր տարածաշրջաններում: Այս հարցում, թերևս, ավելի շահագրգիռ մոտեցում ցուցաբերվեց Լոռու մարզպետարանի և մարզի իրավասու այլ կազմակերպությունների կողմից,որոնք խնդրի կարգավորման վերաբերյալ ներկայացրին առավել հասցեական, ընդհուպ օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու առաջարկներ: Դա նկատի առնելով էր, որ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց հենց Լոռու մարզում ձեռնարկել խնդրի խորն ուսումնասիրման և իրավիճակի բարելավմանն ու կարգավորմանն նպատակաուղղված փորձնական ծրագիրը: Սկզբի համար այն ընդգրկելու էր Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանն ու Վանաձոր քաղաքը: Փորձնական ծրագիրը գործելու է մինչև ընթացիկ տարեվերջ:
Հիմնահարցի՝ այն է հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, նրանց դեպի դպրոց ուղղորդման և հետագայում հանրակրթությունից դուրս մնալու դեպքերը կանխարգելելու խնդրի առավել արդյունավետ լուծման նկատառումով Ծրագիրն իր մեջ ներառում է նաև համաձայնագրի կնքում համայնքապետարանների, հանրակրթական դպրոցների, անչափահասների առողջական խնդիրներով զբաղվող առողջապահական կազմակերպությունների, ՀՀ ոստիկանության անչափահասների բաժինների, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների, մարզային համակարգող խորհրդի և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների միջև: Հունիսի 16-17-ին Լոռու մարզպետարանի դահլիճում վերոնշյալ կառույցների ղեկավարները կնքեցին բազմակողմ Համաձայնագիր: Մինչ այդ ծրագրի դերի, նպատակի ու իրականացման գործողությունների մասին ներկաներին պարզաբանում տվեց Լոռու մարզի համակարգող խորհրդի ղեկավար մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:
Համաձայնագրի կնքման արարողությանը ներկա էր և իր նկատառումներն արտահայտեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ողջունելով ծրագրի նախաձնությունն ու մասնակիցներին, մարզի ղեկավարը երեխաների կրթության ու դաստիարակության գործընթացի առթիվ իր դժգոհությունն արտահայտեց որոշ համայնքների ու դպրոցների ղեկավարների, հոգաբարձության ու խնամակալության համայնքային հանձնաժողովների, շատ դեպքերում նաև դեռահասների ծնողների անհամաձայնեցված, ինչու չէ, նաև՝ միմյանց նկատմամբ անբարյացկամ գործելակերպի ու պահվածքի վերաբերյալ: Որպես կանոն դա հանգեցնում է երեխաների մոտ ուսման նկատմամբ անտարբերության, երկրի, պետականության ու սեփական ճակատագրի հանդեպ անվստահության ձևավորմանը: Եվ որպես դրա հետևանքներից մեկը՝ ծնվում է պետության զորությունը թուլացնող դրսևորումներից ամենաանցանկալին՝արտագաղթը:
-Ես ակամա գալիս եմ այն եզրահանգման, որ որոշ դպրոցների ղեկավարներ ու մանկավարժներ շահագրգիռ են ավելի շատ աշակերտ-թիվ ցուցանիշի կատարմամբ, դպրոցի բյուջեում հնարավորինս մեծ ֆինանսական մուտքեր ապահովելու ձգտմամբ, քան՝ կոնկրետ երեխայի ճակատագրի նկատմամբ: Եթե մատաղ սերունդը կրթված չէ, նա լիարժեք քաղաքացի չէ, նա ոգեպինդ զինվոր ու հայրենասեր լինել չի կարող,-ասաց Ա. Նալբանդյանը, հավելելով, որ անպատվություն է այն համայնքի ղեկավարի ու դպրոցի տնօրենի համար, եթե տվյալ գյուղում կամ քաղաքում երեխան դպրոց չի հաճախում՝ կոշիկ կամ հագուստ չունենալու պատճառով, իսկ նրանք ոչինչ չձեռնարկելով հանդերձ, չեն էլ ապավինում մարզի ղեկավարության աջակցությանը:
Արթուր Նալբանդյանը մեկ անգամ ևս համայնքների ղեկավարներին ու դպրոցների տնօրեններին հորդորեց, նաև հանձնարարեց ամենայն լրջությամբ վերաբերվել գործընթացին, հուսալով, որ Ծրագրի ավարտը կպսակվի սպասելիքների արդարացմամբ և Լոռու մարզի փորձը կդառնա օրինակելի հանրապետական մակարդակով:
 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59