Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱԿԱ-Լոռի համագործակցության շրջանակներում

17.06.2014


 Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ Դ՛Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնալ խորհրդի նախագահ Միշել Վոզելի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջև 2012թ դեկտեմբերին կնքված 2012-2014թ.թ. համագործակցության համաձայնագրի շրջանակներում, համատեղ ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվում ֆրանկոֆոնիայի, տուրիզմի, ագրոտուրիզմի և անասնապահության, մասնավորապես՝ ոչխարաբուծության զարգացման ուղղությամբ: Ակտիվ աշխատանքներ են իրականացվում բոլոր ուղղություններով: Ֆրանսիական «ԳՐԵՖ» կազմակերպության ներկայացուցիչները ֆրանսերեն լեզվի տարածման նպատակով մասնագետների վերապատրաստման դասընթացներ են իրականացնում, տուրիզմի զարգացման նպատակով Ալավերդի քաղաքում տուրիստական գրասենյակ է ստեղծվում, նաև էքսկուրսավարների վերապատրաստման դասընթացներ են իրականացվում: ՊԱԿԱ-ի անասնաբուծության ռեգիոնալ տան հրավերով ոչխարաբուծության ոլորտի ուսումնասիրության նպատակով Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի գլխավորությամբ, այս տարվա մարտ ամսին եղան ՊԱԿԱ ռեգիոնում: Պատվիրակության կազմում էին նաև Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը, «Սպիտակի ֆերմեր» հկ ծրագրերի ղեկավար, ֆերմեր Արտաշես Կարապետյանը, Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն, ֆերմեր Սամվել Հունանյանը և Լուսաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Խաչատրյանը: Պատվիրակության անդամներն այցելելով տեղի ոչխարաբուծական ֆերմաները և ծանոթանալով ժամանակակից տեխնոլոգիաներով և մեթոդներով իրականացվող աշխատանքներին՝ ապրիլ ամսից սկսած փորձը կիրառում են տեղում՝ Ստեփանավանում և Լուսաղբյուրում նոր մեթոդներով խնամելով 25-ական գլուխ գառ: Լուսաղբյուր համայնքում ստեղծվում է փորձարարական ոչխարաբուծական ֆերմա: Որպես ծրագրային ներդրում Լուսաղբյուրում ստեղծված՝ կոոպերատիվի կողմից՝ արդեն իսկ հատկացվել է տարածք, անասնագոմ, խոտհարք և ցանկատարածություն: Լոռու մարզպետի հանձնարարությամբ կատարվել են ոչխարաբուծական ֆերմայի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները:
Արդեն կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու և 2015-2017թ.թ. համաձայնագրում նախատեսվող ծրագրային ուղղությունների քննարկման նպատակով հունիսի 16-ին և 17-ին Լոռու մարզում էին Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ Դ՛ Ազյուրի ադմինիստրացիայի միջազգային և միջերկրական հարաբերությունների տնօրինության տնօրենի տեղակալ Պոլին Մուլին և արտաքին կապերի պատասխանատու Լոռա Կառլոն: Հունիսի 16-ին, նրանց, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել ոչխարաբուծության ոլորտի ուսումնասիրման նպատակով Ֆրանսիայում վերապատրաստված վերոնշյալ մասնագետների հետ: Սամվել Հունանյանը և Մանվել Խաչատրյանը նշեցին, որ ապրիլ ամսից սկսած իրենց տնտեսություններում առանձնացրել են 25-ական գառ և վերջիններին խնամել ֆրանսիացի ֆերմերների կիրառած մեթոդներով, սակայն խնամքի փոքրի-ինչ տարբեր մոտեցումներ են կիրառել՝ փորձնական նպատակով: Ս.Հունանյանը նշեց, որ գառներին կերակրել է օրական 250 գրամ գարի չափաբաժնով ու զուգահեռաբար նաև արոտ ուղարկել: Գառների քաշն այդ կերպ ավելացել է օրական միջինը 140 գրամով: Մանվել Խաչատրյանը տեղեկացրեց, որ գառներին կերակրել է չոր խոտով և գարով՝ առանց կոնկրետ չափաբաժնի: Գառների քաշն օրական ավելացել է միջինը 242 գրամ: Այսպիսով, ինչպես նշեց Արտաշես Կարապետյանը, խումբը եզրահանգում է կատարել, որ տեղական ցեղատեսակներով և հումքով մարզում կարելի է զարգացնել ոչխարաբուծությունը, սակայն, ապագայում, անհրաժեշտություն կառաջանա ներկրելու որոշակի քանակությամբ բարձր ցեղատեսակի գառներ:
Ֆրանսիացի հյուրերը ողջունելի համարեցին մինչ օրս կատարված աշխատանքները՝ խնդրելով դրանք ներկայացնել նկարագրական հաշվետվության տեսքով՝ ըստ ամիսների:
Օրվա երկրորդ կեսին նրանք հանդիպեցին Լոռու մարզպետի հետ: Ամփոփելով համաձայնագրի կնքման օրից ի վեր կատարված աշխատանքները՝ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև 2015-2017 թ.թ. համար նախատեսվող երկկողմ համաձայնագրի դրույթները: Համատեղ քննարկման արդյունքում որոշվեց շարունակել ծրագրերը ֆրանկոֆոնիայի, տուրիզմի (ագրոտուրիզմի) և անասնապահության զարգացման ուղղությամբ, համատեղ ծրագրեր իրականացնել նաև մշակույթի, երիտասարդության ու սպորտի բնագավառներում :
Հունիսի 17-ին, Պ. Մուլին և Լ.Կառլոն Լևոն Ասլանյանի և Հասմիկ Մկրտչյանի հետ եղան Ալավերդի քաղաքում, ծանոթացան տուրիստական կենտրոնի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59