Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր աշխատատեղեր Թումանյանում

11.06.2014

Խորհրդային պետության փլզումը իր ծանր ազդեցությունն ունեցավ նաև Թումանյան քաղաքի տնտեսության վրա: Հրակայուն աղյուսների գործարանը, որ բանավանի հարյուրավոր ընտանիքների ապրուստի երաշխավորն էր, ինչպես նաև մի շարք արտադրական կարողություններ աստիճանաբար կազմալուծվեցին և ահա երկու տասնամյակից ավելի քաղաքի գլխավոր հոգսը աշխատատեղերի պակասն է: Պաշտոնական տվյալներով գործազրկության մակարդակն այստեղ կազմում է մոտ ութսուն տոկոս: Այս խնդրով մտահոգվել է նաև հայ-շվեյցարական «Դիակլոնիա» հիմնադրամը, որի ֆինանսավորմամբ վերջերս այստեղ հիմնվեց կարի արտադրամաս: Շենքի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են համայնքի բյուջեով, իսկ համապատասխան սարքավորումները տրամադրվել են դոնոր կազմակերպության կողմից: Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան ութ միլիոն դրամ:
Հունիսի 10-ին կարի արտադրամասի հանդիսավոր բացմանը ներկա էին «Դիակոնիա» կազմակերպության ներկայացուցիչները, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Թումանյան քաղաքի ղեկավարները: Կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը ծանոթացան արտադրամասի գործունեությանը: Այն թողարկում է հագուստի լայն տեսականի՝ սկսած հենց աշխատակիցների արտահագուստից, ինչպես նաև անկողնային պարագաներ ու դպրոցական համազգեստ:
-Արտադրամասի նախնական պատվերները բարեգործական ծրագրերի համար են նախատեսված,- ասաց մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը,- առաջին արտադրանքը Սպիտակի հատուկ դպրոցի համար էր:
Ներկա պահին կարի արտադրամասի աշխատակիցների թիվը 10-ն է:
-Բոլորն էլ բազմազավակ ընտանիքների մայրեր են,- ասում է Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանը և հույս հայտնում, որ հետագայում կընդլայնվի աշխատակիցների թիվը:
Մարզի ղեկավարը ևս ողջունեց ծրագիրը, հատկապես կարևորելով նախաձեռնողների ճիշտ ընտրությունը, քանի որ նախկին արդյունաբերական քաղաք Թումանյանում այսօր ոչ մի գործարան չկա:
-Կարի արտադրամասի մեկնարկը խոստումնալից սկիզբ կլինի նոր նախաձեռնությունների համար, համագործակցության շրջանակում այլ ծրագրեր էլ են նախատեսվում իրականացնել,- համոզված է մարզպետը:
«Դիակոնիայի» կողմից Թումանյանում կարի արտադրամաս հիմնելը միակ ծրագիրը չէ. վերջինիս ֆինանսավորմամբ նաև համայնքի մանկապարտեզի կահավորման աշխատանքներն են կատարվել, տրամադրվել է անկողնային պարագաներ, խաղալիքներ: Ի նշան երախտագիտության՝ մանկապարտեզի սաները հյուրերին ողջունեցին երգ ու պարով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59