Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարդան Աբովյանը` «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն
11.06.2014
Լոռու մարզպետի հունիսի 9-ի թիվ 207-Ա որոշմամբ Վարդան Աբովյանը նշանակվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն:
Հունիսի 11-ին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը նորանշանակ տնօրենին ներկայացրին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կոլեկտիվին:
Ա.Դարբինյանը շնորհակալություն հայտնեց նախկին տնօրեն Մհեր Մարգարյանին շուրջ 7 տարվա համատեղ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ևս նա իր մասնագիտական գիտելիքները կծառայեցնի մարզի առողջապահության ոլորտի զարգացման գործին: Ներկայացնելով նորանշանակ տնօրենին՝ փոխմարզպետը բարձր գնահատեց նրա մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղը, մարդկային բարձր հատկանիշները: Ա. Դարբինյանը համոզմունք հայտնեց, որ կարճ ժամանակ անց, բուժհաստատությունում բարեփոխումներն ակնառու կլինեն:
Ս. Լամբարյանն, իր հերթին շնորհավորելով նոր տնօրենին, նույնպես բարձր գնահատեց նրա անցած ուղին՝ հատկապես մասնագիտական գործունեությունը, միջազգային հեղինակավոր կառույցներում աշխատելու փորձը, ղեկավարման հմտությունները: Նա վստահաբար նշեց, որ նոր տնօրենի նշանակմամբ մարզկենտրոնի գլխավոր բուժհաստատությունը կթևակոխի բարեփոխումների և զարգացման նոր փուլ:
Մ. Մարգարյանը մարզի ղեկավարությանը և կենտրոնի կոլեկտիվին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատաքի և վստահության համար, իսկ Վ. Աբովյանին շնորհավորեց անչափ պատասխանատու գործունեություն ստանձնելու առիթով: Նա կարևորեց նորանշանակ տնօրենի երիտասարդական ավյունը և նախաձեռնողականությունը, որոնք, ըստ նրա, լավ աշխատանքի գրավական կարող են հանդիսանալ:
Վ. Աբովյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց, որ պատրաստվում է փուլառփուլ կյանքի կոչել բուժհաստատության զարգացման աշխատանքային ծրագիրը, իսկ հաջող ընթացքի համար ակնկալում է կոլեկտիվի աջակցությունը: