Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

09.06.2014

Հունիսի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Նա անդրադարձավ մի շարք հրատապ հարցերի:
Հունիսի 8-ին Լոռու մարզի 6 համայնքում անց են կացվել ՏԻՄ ընտրություններ, ընդ որում՝ 3 համայնքում՝ միայն համայնքի ղեկավարի, 2 համայնքում՝ ավագանու և մեկ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու: Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի վստահեցմամբ, ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով և խնդիրներ չեն առաջացել: Ահնիձոր, Գեղասար համայնքներում վերընտրվել են գործող գյուղապետերը՝ Վանիկ Քառյանը և Ստասիկ Հովհաննիսյանը, Յաղդանում համայնքի ղեկավար է ընտրվել Արամ Ջանջուղազյանը, իսկ Բլագոդարնոյե համայնքում՝ Աշոտ Ավետիսյանը: Ա. Նալբանդյանը շնորհավորեց ընտրված և վերընտրված համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին և մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Նա վարչության պետին հանձնարարեց հետևողական աշխատանք տանել նորընտիր գյուղապետերի հետ, նրանց ծանոթացնել ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության գործունեությանը՝ կոչ անելով անմիջապես լծվել հարկերի հավաքագրման գործին: Մարզի ղեկավարն անդրադարձավ նաև ՀՀ փոխվարչապետի հանձնարարականին՝ մարզի համայնքներում տեղեկատվական համակարգերի գործունեության վերաբերյալ: Նա այս առումով կարևորեց պարբերական հետևողական աշխատանքը համայնքների հետ, որպեսզի վերջինները պարտավորվեն յուրաքանչյուր օր ստուգելու իրենց էլեկտրոնային հասցեները, նամակներին պատասխանեն սահմանված ժամկետներում:
Մարզպետն իր դժգոհությունը հայտնեց հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշների կապակցությամբ: Նա մեկ անգամ ևս փոխմարզպետներին հորդորեց հաճախակի լինել համայնքներում, տեղում ծանոթանալ թերացման պատճառներին: Նշեց, որ 5 ամսվա կտրվածքով միայն հողի հարկի ցուցանիշով մարզը նախորդ տարվանից ետ է մնում 22 մլն դրամով, ինչն անընդունելի ցուցանիշ է:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները: Հունիսի 6-ի դրությամբ հավաքագրվել՝ 12,3 մլն սեփական եկամուտ, որը կազմում է պլանի 9 տոկոսը, 5 մլն 700 հազար գույքահարկ՝ պլանի 21 տոկոսը և 1մլն 500 հազար հողի հարկ՝ պլանի 5,6 տոկոսը:
Ա.Նալբանդյանը համապատասխան վարչություններին հանձնարարեց հետևողական լինել, որպեսզի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված՝ համայնքներում աշխատավարձերի պարտքեր չկուտակվեն:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը զեկուցեց դպրոցական ավարտական քննությունների ընթացքի մասին՝ վստահեցնելով, որ դրանք անց են կացվում սահմանված կարգով: Դժգոհություններ չեն արձանագրվել: Նա անդրադարձավ նաև աշակերտների բացակայություններին: Տեղեկացրեց. որ մարզի հիմնական և միջնակարգ դպրոցների 92 աշակերտ 100-ից 200 դասաժամ բացակայել է դասընթացից: Վարչության պետը նշեց, որ նրանց համար քննությունների անցկացման այլ կարգ է գործում: Մարզի ղեկավարը հանձնարարեց վեր հանել բացակայությունների պատճառները, լուծման ուղիներ գտնել:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ աշնանացանի համար առաջին վերարտադրության և էլիտային սերմացուի պահանջարկն արդեն ներկայացված է Գյուղնախարարությանը:
Մարզի ղեկավարը նշեց, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դիզվառելիքի և պարարտանյութի տեսքով աջակցել մարզի՝ կարկտահարությունից տուժած համայնքներին: Նա վարչության պետին հանձնարարեց հետևողական լինել, որպեսզի աջակցությունը հասցեական լինի:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ նաև վերջին օրերին մարզում արձանագրված արտակարգ դեպքերին: Նա տեղեկացրեց, որ Ալավերդի-Վանաձոր միջպետական ճանապարհն ամբողջությամբ մաքրված է, երթևեկությունը՝ վերականգնված, մինչդեռ շարունակում է անհանգստացնել միջպետական մայրուղու Ձորագետի ճանապարհահատվածը, որտեղ ներկայում համապատասխան մարմինների կողմից ուսումնասիրութուններ են կատարվում՝ խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով: Նա նշեց, որ բնական աղետի հետևանքներն առավել ահագնացել են հատկապես գյուղական համայնքներում՝ սելավատարների վրա կառուցված ապօրինաշինությունների պատճառով: Մարզի ղեկավարը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին հանձնարարեց ևս մեկ անգամ շրջաբերականներ ուղարկել համայնքներ՝ ապօրինաշինությունների դեմ պայքարն ակտիվացնելու պահանջով, իսկ մարզպետարանի վարչական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովին՝ ուշադրություն դարձնել, թե քաղաքային համայնքների բյուջեների ծախսային մասով սելավատարների և գետերի հուների մաքրման համար նախատեսված գումարները որքանով են արդյունավետ տնօրինվել:
Մարզի ղեկավարը հայտնեց, որ, ըստ «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպության հետ պայմանավորվածության, «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման ծրագրի» շրջանակներում իրականացվող շինաշխատանքները կվերսկսվեն: Մինչև օգոստոսի 1-ը շինկազմակերպությունը պարտավորվել է շահագործման հանձնել 50 տոկոս և ավելի պատրաստականություն ունեցող 73 բնակարան, այնուհետև, այս տարվա ընթացքում՝ ևս 100-110-ը:
Խորհրդակցության ընթացքում հանգամանորեն քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18