Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ-ֆրանսիական բարեկամության շառավիղներով

06.06.2014

Շուրջ 22 տարի առաջ Ֆրանսիայի Հանրապետության Նոր-Պա-դը-Կալե դեպարտամենտից մի պատվիրակություն ժամանեց երկրաշարժից տուժած Վանաձոր՝ աղետից հետո բնակչությանը հոգեբանական, մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ժամանակ անց, 1998 թ.-ից, Վանաձորի թիվ 3 և 18 գիշերօթիկ դպրոցների և Նոր-Պա-դը-Կալե դեպարտամենտի «Մանուկների տուն» հաստատությունների միջև բարեկամական կամուրջ գցվեց:
Անցած տարիների փոխադարձ այցելությունները ճանաչողական մեծ նշանակություն ունեցան հայ և ֆրանսիացի պատանիների համար՝ առավել մոտիկից հաղորդակցվելու միմյանց մշակույթին, պատմությանն ու ներկային: Համատեղ ծրագրերի մաս են կազմում նաև երկու տարին մեկ կազմակերպվող համատեղ հեծանվարշավները: Այս տարի ևս, հուլիսի 8-ին Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան մոտից կմեկնարկի պատանիների համատեղ 9-րդ հեծանվարշավը դեպի Լոռի, որի 60 մասնակիցներից 27-ը ֆրանսիացիներ են: Հուլիսի 12-ին հեծանվորդները Վանաձորում կմասնակցեն բարեկամական երեկոյին, իսկ հաջորդ օրը կձեռնարկեն ճանաչողական նոր արշավ Ստեփանավանի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջաններով՝ դեպի Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր:
Այս ծրագրի իրականացմանն էր նվիրված հունիսի 5-ին Նոր-Պա-դը-Կալե դեպարտամենտի պատվիրակության ներկայացուցիչներ՝ «Մանուկների տուն» ասոցացիայի գլխավոր տնօրեն Դոմինիկ Դեմորի, Բապոմ քաղաքի երեխաների խնամքի կենտրոնի տնօրեն Դիդյե Փայենի այցը Լոռու մարզպետին: Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության (նախկին թիվ 18 գիշերօթիկ դպրոց) տնօրեն Հասմիկ Ներկարարյանը, Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 պետական արհեստագործական ուսումնարանի (նախկին թիվ 3 գիշերօթիկ դպրոց) տնօրեն Կարեն Ղարաքեշիշյանը, Հայաստանի լեռնային հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Մարտին Շարբաթյանը:
Ջերմ ու անմիջական հանդիպման մթնոլորտում ֆրանսիացի հյուրերը Լոռու մարզպետին պատմեցին հերթական այցելության նպատակի ու ծրագրերի մասին, շեշտելով, որ Լոռու մարզը իր հիասքանչ բնությամբ ու լոռեցիների մարդասիրությամբ ու անկեղծ հյուրընկալությամբ միշտ էլ գերել է ֆրանսիացիներին և լիահույս են, որ հերթական այցն էլ ճանաչողական, բնապահպանական մեծ տպավորություն կունենա հատկապես Լոռուն առաջին անգամ հաղորդակցվող պատանիների ու աղջիկների համար:
Մարզպետ Ա. Նալբանդյանը ջերմորեն ողջունեց հյուրերի այցը, հաջողություն մաղթեց առաջիկա ծրագրերի իրագործմանը, լիահույս լինելով, որ հայ ու ֆրանսիցի դեռահասների, նրանց մանկավարժների հերթական ակցիան երկուստեք բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության նորովի դրսևորում կդառնա: Մարզպետը խոստացավ հնարավորությունների չափով աջակցություն ցուցաբերել հեծանվարշավի մասնակիցներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18