Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին բարեխիղճ աշխատանքի համար
05.06.2014
Երեխաների իրավունքների պաշտպանության օրը աննախադեպ շուքով նշվեց Լոռու մարզում: Նշվեց, բայց շատ ու շատ իրադարձային օրերի նման հաջորդ օրն իսկ մոռացության չմատնվեց: Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված տոնական միջոցառումները կշարունակվեն, վերածվելով միամսյակի:
Հունիսի 5-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խրախուսելու համար իր մոտ էր հրավիրել մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների՝ հիմնականում հոգաբարձության և խնամակալության մարզային ու համայնքային հանձնաժողովների անդամների, ոստիկանության աշխատակիցների,մանկավարժների, ովքեր առավել քան ջանադրորեն էին դրսևորվել հունիսի 1-ի տոնակատարության նախապատրաստությանն ու անցկացմանը:
Առանձնապես շեշտելով մարզկենտրոնի, Սպիտակի և Ստեփանավանի համայնքապետարանների գնահատելի աշխատանքը, մարզպետը կարևորեց մարզում երեխաների տոնի կազմակերպման ու անցկացման բարձր որակը, որը շատերի կարծիքով լավագույններից է եղել հանրապետությունում:
Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց հրավիրվածների շնորհակալ աշխատանքը՝ անչափահասների կրթության ու դաստիարակության գործընթացում, ինչպես նաև նրանց դերակատարությունը տոնական միջոցառումների նախապատրաստության ու անցկացման ժամանակ:
-Իհարկե, ինքնահանգստության, բավարարվածության որևէ տրամադրություն չպետք է ունենանք, քանի դեռ մեզանում ունենք իրավախախտ, պարտուսից դուրս մնացած, անբարեհույս վարքագծով երեխաներ, որոնց ճակատագրի նկատմամբ մենք նախանձախնդիր պիտի լինենք,-ասաց մարզպետը:
Արթուր Նալբանդյանը դեռահասների նկատմամաբ ցուցաբերած բազմամյա հոգատարության համար Լոռու մարզպետի շնորհակալագրեր հանձնեց Ստեփանավանի քաղաքապետարանի ԽՀՀ-ի նախագահ Էլյա Սիմոնյանին, Սպիտակի քաղաքապետարանի ԽՀՀ-ի նախագահ Անահիտ Գյուլազյանին, Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Հասմիկ Ներկարարյանին, Վանաձորի քաղաքապետարանի ԽՀՀ-ի նախագահ Գագիկ Սիմոնյանին, Վանաձորի քաղաքապետարանի ԽՀՀ-ի քարտուղար Լեռնուհի Գևորգյանին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդիկ Վարոսյանին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արեն Եղիազարյանին, «Բնականոն» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդգար Սարգսյանին: Վանաձոր քաղաքում երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների գովազդման եւ կազմակերպման համար շնորհակալագիր ստացավ նաև «Տրոյա կրեդո» գովազդային գործակալության հիմնադիր տնօրեն Դիանա Մարտիրոսյանը:
Պարգևատրման պաշտոնական արարողությունից հետո Ա. Նալբանդյանը ներկաներին անկաշկանդ զրույցի հրավիրեց, խոսեցին ծառացած հիմնախնդիրների մասին, արվեցին ոլորտի բարելավման առաջարկություններ: