Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը հյուընկալեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության համատեղ դեսպան Քեթրին Ջեյն Լիչին

05.06.2014

Դեսպանը մարզի ղեկավարին խնդրեց ծանոթացնել առաջիկա տարիներին մարզում իրականացվելիք ծրագրերին ու հատկապես մարզի զարգացման համար գերակա ուղղություններ համարվող հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և տուրիզմի բնագավառներում կատարվող ձեռնարկումներին:
Ա. Նալբանդյանը նախ նշեց, որ Լոռիում հանքարդյունաբերությունը դարերի պատմություն ունի: Նա հանգամանորեն ներկայացրեց, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ալավերդու «Էյ-Սի-Փի», Արմանիսի «Սագամար» ընկերությունների գործունեությունը: Դեսպանին հատկապես հետաքրքրում էր, թե ինչպես են լուծվում բնապահպանական խնդիրները, քանի որ, գաղտնիք չէ, հանքարդյունաբերությունը ուղեկցվում է նաև բնապահպանական խնդիրներով: Մարզի ղեկավարը վստահեցրեց, որ հանքարդյունահանող ընկերությունները բնությանը հասցված վնասները մեղմելու նպատակով բնապահպանական լուրջ ծրագրեր են իրականացնում: Նա այս առումով կարևորեց նաև հասարակական կազմակերպությունների դերը, որոնց հետ համագործակցությամբ կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Ու քանի որ Լոռու մարզպետի հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ևս բարձրաձայնել էր այս խնդրի մասին, Ա. Նալբանդյանն առաջարկեց իր, երկու երկրների դեսպանների, հանքարդյունաբերող ընկերությունների և բնապահպանական ուղղվածություն ունեցող ՀԿ-ների մասնակցությամբ կլոր սեղան- քննարում կազմակերպել՝ խնդրահարույց հարցերը վեր հանելու, քննարկելու նպատակով: Տիկին դեսպանն ի պատասխան նշեց, որ իրենք ևս պատրաստ են աջակցել հանքարդյունաբերողների և հկ-ների միջև համագործակցությանը:
Մարզում գյուղատնտեսության և մասնավորապես՝ անասնապահության բնագավառում իրականացվող ծրագրերը ողջունելով` տիկին դեսպանը կարևորեց ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող Մոտկորի շրջանում և Ստեփանավանի տարածաշրջանում գյուղատնտեսական կոոպերատիվների, ֆերմերային տնտեսությունների ստեղծումը, անասնապահության և կաթի ու կաթնամթերքի արտադրության զարգացմանը խթանող ձեռնարկումները: Այս առումով նա չբացառեց նաև բրիտանական տարբեր կազմակերպությունների, գործարար ոլորտի հետ համագործակցությունը, տարաբնույթ ծրագրերի իրականացման և ներդրումների հնարավորությունը:
Մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց տուրիզմի բնագավառում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ համագործացկությունը Ֆրանսիայի ՊԱԿԱ և Ռհոն Ալպ ռեգիոնների հետ: Նա նշեց, որ ՊԱԿԱ-ի հետ գործակցության շրջանակներում Թումանյանի տարածաշրջանում ստեղծվել է տուրիստական կենտրոն, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա առաջիկայում: Ստեղծվել է նաև «Տուրիզմի զարգացման հիմնադրամ»: Ռհոն Ալպ ռեգիոնի աջակցությամբ ծրագրեր են իրականացվում Ստեփանավանի տարածաշրջանում: Հ.Մկրտչյանը նշեց, որ մարզում տուրիզմի զարգացման նպատակով խրախուսվում է նաև օթևանատների գործունեությունը: Այս ուղղությամբ ևս ծրագրեր են իրականացվում: Տիկին Քեթրին Ջեյն Լիչը կարևոր և ողջունելի համարեց բոլոր նախաձեռնությունները, կատարված աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք խթան կհանդիսանան տուրիզմի զարգացման համար: Նա ցանկություն հայտնեց ընտանիքով հանգստանալ մարզի որևէ գյուղական համայնքում և խոստացավ առավել հաճախ լինել Լոռու մարզում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:47:05